Այն, որ Սյունիքում մեծ խնդիրներ չենք ունեցել, կապված է Իրանի դիրքորոշման հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ «եթե Իրանի այդ դիրքորոշումը չլիներ, ապա Ալիևը որևէ խանգարող հանգամանք չէր ունենա, իսկ Հայաստանի իշխանություններն էլ կասեին՝ հո չե՞նք կռվելու էդ սարերի համար։ Կարո՞ղ է այս վերաբերմունքը փոխվել, այո՛, կարող է»։
Անդրադառնալով ԵՄ անդամակցության գործընթացներին, Քոչարյանը նշեց, որ այսօր ԵՄ-ն լուրջ ճգնաժամի մեջ է և այն մի քանի կոնտենտ ունի. «Առաջնորդության, իմաստային և տնտեսական ճգնաժամ է։ Եվրոպական պռոյեկտն այսօր իսկապես ճգնաժամի մեջ է և ամենից լավ հասկանալու համար լսեք Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ելույթը Մյունխենում, ավելի լավ ես չեմ կարող ասել, իրավիճակը ներսից նա կարող է ավելի լավ գնահատել։ Լսեք ԱՄՆ փոխնախագահի ելույթը Մյունխենի կոնֆերանսում։ Փայլուն ելույթ էր և դահլիճում այն սառած դեմքերը, որոնք մտածում էին, թե ինչ է ասում։
ԵՄ-ն չի փլուզվելու, բայց ստիպված են լինելու բարեփոխվելու և առաջին հերթին սառեցնելու են անդամակցելու գործընթացները։ Հիմա ինչ են անում ՀՀ-ում՝ գնում են մի տեղ, որտեղ իրենց չեն սպասում, մի տեղ, որտեղ արդեն իսկ պրոբլեմային է և այդ պրոբլեմային լինելն ընդունում է նաև ԱՄՆ-ն։ Դու դրանով շեշտակի փչացնում ես քո հարաբերություններն այն համակիարգի հետ, որտեղ դու հիմա կաս»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը