03 12 2024

8 մլն դոլար բառիս բուն իմաստով քամուն է տրվում․ Լիլիթ Գալստյան 



 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստանի ելույթը՝ ԱԺ ամբիոնից․

Սիրելի հայրենակիցներ,

Որքան քաոտիկ և ողբերգական են մեր իրականությունն ու մեզ շրջապատող աշխարհքաղաքական զարգացումներն, այնքան սյուռեալիստական է և ոչ ադեկվատ իշխանության պահվածքը:

Բնականաբար, արժեզրկված չափանիշների, բացակա բարոյականության, համատարած ստի ու  թերուս  կառավարիչների միջավայրում  գնալով խորանում է պարտության մատնված հասարակության ապատիան:

Այնքան են բթացել մեր հանրային ազդակները, որ որպես ընթացիկ իրողություն է ընկալվում քաղաքական մեծամասնության հերթական պատգամավորի թմրանյութի սկանդալը. Իսկ նա  ոչ միայն չի հրաժարվում մանդատից, այլև շարունակում  է հանրապետության երկրորդ քաղաքը ղեկավարելու հավակնություն ունենալ։

Այնքան են բթացել մեր հավաքական զգայարանները, որ հեծանիվ ու մետրո քարոզող պոպուլիստական թիմի 9 տոկոսանոց քաղաքապետը՝    հարաճուն արտաքին պարտքի պայմաններում,  17 հազար դոլարանոց տոմսով է մեկնում ԱՄՆ, այն պարագայում, երբ մայրաքաղաքը մատնված է տրանսպորտային կոլապսի: 

Իշխանության քաղաքականության արդյունքում հայրենազրկված արցախահայության սոցիալական ծրագրերը կրճատող, թոշակ ու աշխատավարձ չբարձրացնող երկրում՝  բյուջեից  1,4 միլիոն դոլար է հատկացվում  ամանորի հերթական անբովանդակ ծրագրին՝ երրորդ տարին անընդմեջ խոշտանգելով  հանրապետական նշանակության հուշարձանը։ 

Հազար ու մի անվտանգային առաջնահերթություն ունեցող երկրում 8 մլն դոլար էլ  բառիս բուն իմաստով քամուն է տրվում  հանուն ինչ որ անպտուղ արբանյակային ծրագրի:

Հարկատուների հաշվին մի 6 միլիոն էլ թմրամիջոցների քարոզիչ Սնուպ Դոգի սիրույն եք քամուն տալիս և դարձյալ թողնում անհետևանք:

Կարևորը տեսարանն  է, այն էլ՝ պատերազմի իրական սպառնալիքի ներքո:  

Հռոմի Ստատուտը վավերացնելիս հայտարարում էիք, թե այն պատերազմական հանցագործ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու գործիք է:

Բաքվում Արևմտյան Ադրբեջանի հիմն են կատարում, մեջլիսում կազմակերպում են «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով լսումներ: Իսկ Արարատ Միրզոյանը երեկ խոսելով Հռոմի կանոնադրության անդամ երկների վեհաժողովում՝ բառ անգամ չի ասում Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների կամ ՀՀ- օկուպացիայի մասին:

Գալու է անձնական պատասխանատվության ժամանակը՝ կառավարության անդամներին նկատի ունենալով հայտարարեց Փաշինյանը:  

Իսկ ով, եթե ոչ հենց ինքը՝ կառավարության ղեկավարն անձնապես պիտի պատասխան տա այն կործանարար սխալների համար, որոնք Արցախի կորուստ արժեցան, հազարավորների կյանք:

Մինչդեռ, այսօր այս ամբիոնից ծանր, պատմական ինքնախոստովանություն հնչեց. ԼՂՀ նկատմամբ վարվող քաղաքականությունը Հայաստանը պահելու և մեր պետականության գոյությունը երաշխավորելու  միակ հնարավոր տարբերակն էր  հայտարարեց Փաշինյանն: Ըստ էության  արդարացնելով Ադրբեջանի ագրեսիան, ընդունեց նաև եղասպանության հանցակցությունը:

Իսկ աշխարհը, ցավոք,  կշարունակի մեզ ընկալել որպես ազգ-նահատակ, քանի դեռ մեր պետականության ղեկին Նիկոլ Փաշինյանն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ