Հալեպում ստեղծված իրավիճակը Սիրիայի ինքնիշխանության դեմ ոտնձգություն է: Այս մասին, ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանը տարածաշրջանում կարգուկանոն հաստատելու կողմնակիցն է», - նշել է նա:
Պեսկովը հավելել է, որ ասելիք չունի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի՝ Հալեպում ստեղծված իրավիճակի ֆոնին շտապ Մոսկվա այցելելու վերաբերյալ:
Իրավիճակին անդրադարձել է նաև Իրանի ԱԳՆ-ն:
Երկրի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, մեկնաբանելով Սիրիայի վերջին երկու օրերի իրադարձությունները, զգուշացրել է Սիրիայում թաքֆիրական ահաբեկիչների գործունեության վերսկսման մասին և կոչ է արել վճռական և համակարգված գործողություններ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկչության տարածումը տարածաշրջանում։
Բաղայը խստորեն դատապարտել է ահաբեկչության բոլոր ձևերն ու դրսևորումները և վերջին երկու օրերին Սիրիայում ահաբեկչական խմբավորումների տեղաշարժերն անվանել է որպես Արևմտյան Ասիայի տարածաշրջանը ապակայունացնելու՝ ահաբեկչական ռեժիմի և ԱՄՆ-ի չարաբաստիկ ծրագրի մաս, հաղորդում է IRNA-ն:
Նա նշել է, որ Աստանայի գործընթացի երաշխավոր երեք երկրների (Իրան, Թուրքիա և Ռուսաստան) միջև առկա պայմանավորվածությունների համաձայն, Հալեպի և Իդլիբի ծայրամասերը համարվում են դեէսկալացիայի գոտիներ, և ահաբեկչական խմբավորումների հարձակումն այդ տարածքների վրա համարվում է պայմանավորվածությունների կոպիտ խախտում։
Իրանի ԱԳՆ խոսնակը նախազգուշացրել է, որ Սիրիայում ահաբեկչական շարժումների դեմ պայքարի ցանկացած հետաձգում կվտանգի վերջին տարիներին ահաբեկչության դեմ պայքարում ձեռք բերված բոլոր ձեռքբերումները և կստիպի տարածաշրջանին մտնել նոր դարաշրջան, ինչպես նաև կառաջացնի անապահովություն և անկայունություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը