09 10 2017

Փաշինյան-Գեղամյան միջադեպից մինչև համայնքապետի ընտրություն և 2018 թվականի վարչապետ. Պատգամավորներն ամփոփում են



Հոկտեմբերի 6-ին ավարտվեց ԱԺ հերթական քառօրյան: Համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի, խմբակցությունների ներկայացուցիչները հանդես են գալիս քառօրյան ամփոփող ճեպազրույցներով:

Ներկայացնում ենք ճեպազրույցներին մասնակից ուժերի ներկայացուցիչների որոշ մտքեր.

 

Աղվան Վարդանյան, ՀՅԴ խմբակցության քարտուղար

Շաբաթվա իրադարձությունը. Մենք ունենք ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյան: Արդեն 21 բանտում է և առաջին անգամ դատարանում փոքր հաղթանակ է ունեցել, և դա պայմանավորվում է նաև կոնկրետ դատավորի մարդ լինելով: Կարծում եմ հավատում եմ, որ, ի վերջո, իր ճակատագրում փոփոխություն կլինի:

Դատարաններում լուրջ փոփոխություններ կլինեն նոր սահմանադրությամբ, և դատարանները դառնալու են ոչ թե ֆորմալ առումով, այլ իրապես անկախ: Դատական համակարգերի ձևավորման նոր մեխանիզմներ են ստեղծվում:

Շաբաթվա չիրադարձությունն ինձ համար տհաճ, տգեղ միջադեպն էր երկու պատգամավորների միջև: Սա խորհրդարանն է, խորհրդարանում նման միջադեպերը, նման վարվելաձևերը ոչ միայն դատապարտելի են, այլև ափսոսանք ու ցավ կարող եմ արտահայտել, որ մարդիկ հաճախ դատնում են չափից ավելի կանխատեսելի: Մեր այսքան տարիների ընացքում մեր խմբակցության պատգամավորներից որևէ մեկի հետ նման իրադարձություն չի կատարվել: Իրադարձությունն իրադարձություն, բայց տակը լուրջ բան չի մնում:

Նոյեմբերի 5-ին 8 մարզերում տեղի են ունենալու խոշորացված համայնքների ընտրություններ: Բնականաբար, մենք մասնակցելու ենք: Առավելապես մասնակցելու ենք ավագանիների ընտրություններին, 3 թե չորս համայնքներում ունենք համայնքների ղեկավարների ընտրություններ, 34 համայնքներում ունենք երկու, երեք, չորս ավագանու թեկնածուներ:

Կա օրենսդրություն, կա ՀՀԿ, որին պատկանում է, ըստ մեր համաձայնագրի, վարչապետի թենկնածու առաջադրելու իրավունքը, և երբ այդ իրավունքն իրականացնի, կխոսենք: Հիմա ժամանակավրեպ է այդ թեմայով հարց քննարկելը: «Եթե»-ով հարցերին պատասխանելը լուրջ չէ, կգա ժամանակը, որ այդ հարցերի պատասխանը կունենաք և գուցե ափսոսաք, որ այդքան ժամանակ եթեներով եք հարց տվել:

 

Նիկոլ Փաշինյան, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար

Քիչ առաջ մեր խմբակցությունը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը, որի հիմքում Արտաշես Գեղամյաինի կողմից տեղի ունեցած միջադեպն է: Հանձնաժողովը պետք է քննարկի ԱԺ պատգամավորի կողմից որպես էթիկայի խախտում քննելու և որոշում կայացնելու հարցը: Ես ի սկզբանե պատրաստ չէի հարցին քաղաքական հնչեղություն հաղորդել, բայց երբ ՀՀԿ խմբակցությունը փորձում է դրա վերաբերյալ հանդուրժող կեցվածք հաղորդել, հստակ գնահատական չտալ տեղի ուցնեցածին, ստիպում է արձանագրել, որ տեղի ունեցածն ավելի լուրջ քաղաքական ծրագիր է: ՀՀԿ-ն ասում է, որ հետագա բանավեճերը նույն ճակատագիրն են ունենալու: Մեր պատկերացմամբ, սա քաղաքական հարց է և պետք է ունենա քաղաքական լուծում:

Որպեսզի դիմեն իրավապահ մարմիններին, պետք է լինի տուժող, բայց ես տուժող չեմ: Ես լավ պաշտպանվել եմ, այնպես որ իրավապահ մարմիններին դիմելու անհրաժեշտություն չկա:

Լրջորեն վերլուծել ենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարզերում մեր գրացած արդյունքները և այդ արդյունքների խորը վերլուծությամբ հանգել ենք այն եզրակացության, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց առաջ մեզ անհրաժեշտ է իրականացնել կառուցվածքային որոշակի փոփոխություններ, որոշակի փոփոխություններ մարզերում, ընդհուպ՝ մարդկային փոփոխություններ: Դաշինքում ձևավորվել է հանձնաժողով, որը կզբաղվի այդ հարցերով, և հույս ունենք հաջորդ ՏԻՄ ընտրություններում ակտիվորեն մասնակցել:

 

Վահրամ Բաղդասարյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար

Սերժ Սարգսյանը մինչև 2018 թվականի ապրիլ ՀՀ նախագահն է, և չենք քննարկել, թե ինչ կլինի ապրիլից հետո: Երբ կգա ժամանակը, Սերժ Սարգսյանը կխոսի այդ մասին:

Քաղաքական ներկապնակը բավականին հարուստ է, ու ոչ ոք չգիտի, թե մեկ-երկու տարի հետո որտեղ կհայտնվի:

Քաղաքական ընդդիմություն լինել չի նշանակում լինել թշնամի:

ՀՀԿ-ն ունի իր դիրքորոժշումը իր թեկնածուների նկատմամբ, և առաջիկա ՏԻՄ ընտրություններում որևէ խոչընդոտ չի լինելու, կլինի ազատ մրցակցություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ