04 10 2017

ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ՌԴ ԶՈւ միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը. Արցախին այն չի վերաբերում

ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ՌԴ ԶՈւ միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը. Արցախին այն չի վերաբերում

Հոկտեմբերի 4-ին ԱԺ-ում քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագիրը վավերացնելու հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ նախագծում երկու հասկացություն կա «տարածաշրջան» և «ագրեսիայի անմիջական սպառնալիք», ապա հարց ուղղեց Զաքարյանին, թե որքանո՞վ է դա վերաբերում Արցախին:  Զաքարյանը հստակեցրեց, որ որ այս տվյալ պարագայում համաձայնագիրը վերաբերում է միայն ՀՀ տարածքին ագրեսիային կամ անմիջական սպառնալիքին:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն դիմելով ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանին, հարցրեց, թե որն է երաշխիքը, որ ՀԱՊԿ-ը կարձագանքի, երբ գնդակոծվեն Տավուշի սահմանամերձ գյուղերը: «Հայ հանրությանը և բոլորիս մի հարց է տանջում, երբ Տավուշի սահմանամերձ գյուղերն Ադրբեջանի կողմից գնդակոծվում էին, և որևէ ռեակցիա չկար ՀԱՊԿ-ի կողմից, եթե, օրինակ, այս համակարգը լիներ 2016-ի դեպքերի ժամանակ, կա՞ որևէ երաշխիք, որ այն գործելու էր»,-հարցրեց նա։ Փաշինյանը նաև հարցրեց` համաձայնագրով կանոնակարգվում են միայն հայ-թուրքական սահմանին հնարավոր ագրեսիաները՞, թե՞ միջամտություն կարող լինել նաև հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ ագրեսիայի դեպքում։

Ըստ Արտակ Զաքարյանի՝ այս համաձայնագիրը մի փոքր այլ տրամաբանություն ունի: «Այստեղ գործում է կոլեկտիվ անվտանգության համակարգ, որից կարող ենք օգտվել որոշակի ընթացակարգերի պարագայում»,-ասաց նա։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ի կողմից չմիջամտելու դիտարկմանն` Արտակ Զաքարյանը պարզաբանեց, թե ՀՀ Զինված ուժերն ինքնուրույն կարողացել են արձագանքել գնդակոծություններին ու կրակահերթերին, ինչի համար էր միջամտություն չի եղել։ 

ՀՀ ՊՆ փոխնախարարի խոսքով՝ երկու երկրների պետական սահմանների նկատմամբ ցանկացած ագրեսիայի դեպքում համաձայնագիրը գործելու է։

Հարցի քննարկման ժամանակ հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանին հարցեր ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Զեյնալյանը մտահոգություն հայտնեց, որ միացյալ զինված ուժերի վերաբերյալ այդ համաձայնագիրը իրավական ակտ է, որը չի կարող նորմատիվ չլինել:

Զեյնալյանը նաև նշեց.

«Խոսվեց, թե շրջանառության մեջ է դրվել ներքին սպառնալիքի մասին հարցը, բայց մենք վավերացնում ենք մի պայմանագիր, որը ավելի բարձր իրավաբանական ուժ է ունենալու»:

Կորյուն Նահապետյանը նախ նշեց, որ ներպետական որևէ օրենքով սահմանված չէ ներքին սպառնալիք հասկացությունը և որ ինքը ասել է, որ ՀԱՊԿ շրջանակներում կան փաստաթղթեր, որտեղ տրված է այդ հասկացության սահամնումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ