25 09 2017

Հայաստանից 22 փրկարար մասնակցում է ՆԱՏՕ-ի վարժանքին

Հայաստանից 22 փրկարար մասնակցում է ՆԱՏՕ-ի վարժանքին

ՀՀ ԱԻՆ փրկարարները ներգրավված են սեպտեմբերի 24-30-ը Բոսնիա և Հերցեգովինայում անցկացվող ՆԱՏՕ-ի միջազգային դաշտային վարժանքին: «Բոսնիա և Հերցեգովինա 2017» խորագրով վարժանքը կազմակերպել է ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրաատլանտյան կենտրոնը (EADRCC):

Տարերային աղետների հետևանքների վերացման 18-րդ միջազգային դաշտային վարժանքին այս տարի մասնակցում է 30 երկիր: ՀՀ ԱԻՆ պատվիրակության կազմում կա 22 փրկարար, որոնք ներկայացնում են ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման ու փրկարարական ուժերի վարչությունները, Աղետների բժշկության կենտրոնը, հատուկ ջրափրակարար ջոկատը և Շիրակի մարզային փրկարարական վարչությունը:

Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած բացման արարողությանը պաշտոնապես ազդարարվել է «Բոսնիա և Հերցեգովինա 2017» խորագրով վարժանքի մեկնարկը:

Ըստ վարժանքի սցենարի՝ Բոսնիա-Հերցեգովինայի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով գետերը վարարել են, կա ջրամբարների փլուզման վտանգ և մերձակա բնակավայրերին սպառնում է ջրհեղեղը: Լեռան լանջերին սողանքների պատճառով մոտակա շինությունները փլուզվում են, կան պայմանական զոհեր ու տուժածներ: Սցենարի համաձայն՝ աղետի հաջորդ օրը գրանցվում է նաև ուժեղ երկրաշարժ՝ հանգեցնելով մարդկային և նյութական մեծ կորուստների: Երկրի իշխանություններն օգնության խնդրանքով դիմում են միջազգային հանրությանը:

ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրաատլանտյան կենտրոնը (EADRCC) նմանատիպ վարժանք է կազմակերպում ամեն տարի: 2010 թ. վարժանքն անցկացվել է Հայաստանում, մասնակցել է 20 երկիր:

Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԻՆ-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ