22  09  2017

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը Բաքվում է

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը Բաքվում է

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կոնֆերանսը, որին մասնակցում են նաև ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը։

Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովը նվիրված է Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին: Միջոցառմանը մասնակցելու են Եվրանեսթ ԽՎ-ում ազգային պատվիրակությունների անդամներ, Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ, Բաքվում հավատարմագրված դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Բաքվում ընթացող «Եվրանեսթ» ԽՎ-ի համաժողովում ելույթով հանդես է եկել հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: Ընդմիջման ժամանակ հայկական պատվիրակությունը նաև հանդես է եկել մամուլի ասուլիսով:

Մամուլի ասուլիսից հետո լրագրող, տխրահռչակ «Խաղաղության պլատֆորմի» ներկայացուցիչ Սյուզան Ջաղինյանը փորձել է սադրանքների դիմել, ինչին համարժեք արձագանքել է հայկական կողմը: Մեր պատվիրակությունը դիմել է նաև համաժողովի կազմակերպիչներին՝ միջոցներ ձեռնարկելու հետագայում նմանատիպ սադրանքները բացառելու համար:

Բաքու մեկնած ՀՀ պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը, պատասխանելով ադրբեջանական ԱՊԱ գործակալության հարցին, հայտնել է, որ սեպտեմբերի 23-ին իրենք պատրաստվում են շրջել Բաքվում: «Մենք կշրջենք Բաքվի տարբեր շրջաններում, կտեսնենք, թե ինչպես է պահպանվել հայկական ժառանգությունը»,- հայտնել է Թանդիլյանը: Աշոտյանը, խոսելով Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին մասնակցելու որոշման մասին, ընդգծել է, որ Եվրանեսթ ԽՎ-ն (ԵՄ Արևելյան գործընկերության բաղկացուցիչ մասն է կազմում, ներխորհրդարանական ֆորում է, որում Եվրախորհրդարանի և Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ազգային խորհրդարանների ներկայացուցիչներն են) Հայաստանի համար կարևոր հարթակ է: «Հայաստանը պատրաստվում է Եվրամիության հետ նոր համաձայնագիր կնքել: Բացի դրանից` մենք ժամանել ենք այստեղ՝ թույլ չտալու քարոզչություն և հակահայկական հռետորաբանություն մի միջոցառման ժամանակ, որին մասնակցում են նաև եվրոպացի պատգամավորները: Ցավոք, որոշ ելույթների ժամանակ թույլ է տրվել նման հռետորաբանություն: Սակայն պետք է հաշվի առնել, որ մենք այստեղ չենք ժամանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկելու համար»,- ասել է ՀՀ պատվիրակության ղեկավարը: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ Աշոտյանն ընդգծել է, որ խնդրի կարգավորման միակ օրինական ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: «Քննարկումներն անցկացվում են այս ձևաչափում: Ցավոք, նախորդ տարվա ապրիլին Ադրբեջանը վերսկսեց ռազմական գործողությունները, ինչը խախտեց այս գործընթացը: Այսօր Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է կողմերի միջև վստահության վերականգնմանը: Բանակցությունների հաջորդ փուլին հնարավոր կլինի անցնել միայն վստահության վերականգնումից հետո: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և միջազգային հանրության կողմից անվտանգության երաշխիքների շրջանակում: Այս սկզբունքները պետք է լինեն բանակցային սեղանին: Կարևոր է, որ հիմա բոլոր կողմերը համաձայնվեն ընդունել քայլեր այս գործընթացում»,- Աշոտյանի խոսքերը մեջբերել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Արմեն Աշոտյանը նաև անդրադարձել է համաժողովի ընթացքում ադրբեջանցի մի շարք բանախոսների՝ կանանց առողջապահության և սոցիալական խնդիրների համաժողովի հարթակը հակահայկական պրոպագանդայի վերածելու փորձերին և նշել, որ հայկական պատվիրակությունը Բաքվում է համաժողովի բուն թեմաների, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման համար:

Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նաև ընդգծել է այն հանգամանքը, որ հակամարտություններում տուժում են հակամարտող բոլոր կողմերը, ուստի անհրաժեշտ է լսել բոլոր կողմերին և առկա հարցերը քննարկել մարդու իրավունքների և մարդասիրության շրջանակներում՝ անկախ քաղաքական, էթնիկական և կրոնական տարբերություններից: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը հորդորել է ադրբեջանական կողմին գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով, ինչն իր բացասական հետևանքները կունենա ողջ տարածաշրջանի համար:

Աշոտյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կրթական համակարգում հակահայակական կարծրատիպերի ձևավորման խնդիրներին և հորդորել արմատախիլ անել հայատյացությունն ու քսենոֆոբիան:

Ելույթի ավարտին Արմեն Աշոտյանը Ադրբեջանի կրթության փոխնախարարին է փոխանցել նաև Azerbajan: childhood in hate աշխատությունը, որն ապացուցում է հայատյացության և ատելության քարոզչությունն Ադրբեջանում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ