22 11 2023

Ձեր այցը պատմական է, Իրաքի առաջին նախագահն եք, որ այցելում եք ՀՀ. Փաշինյանը՝ Իրաքի նախագահին

Ձեր այցը պատմական է, Իրաքի առաջին նախագահն եք, որ այցելում եք ՀՀ. Փաշինյանը՝ Իրաքի նախագահին

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարությունից ։

Փաշինյանը ողջույնի խոսքում նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Ձեր այցը նշանակալից և ըստ էության պատմական է, որովհետև Իրաքի առաջին նախագահն եք, որ այց եք ունենում Հայաստանի Հանրապետություն:

Մեր երկրների միջև հարուստ մշակութային և պատմական կապեր կան, և պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ նաև տնտեսական կապերի որոշակի ակտիվություն է նկատվում: Հույս ունեմ Ձեր այցի ընթացքում տնտեսական համագործակցությունն ավելի կխորանա: Իհարկե, հիմա նաև աշխարհում և տարածաշրջանում բավականին բարդ իրավիճակ է, և ուրախ կլինեմ Ձեր գնահատականները լսել ընդհանուր իրավիճակի և լուծումների վերաբերյալ:

Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և հույս հայտնել, որ մեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև փոխադարձ այցերն ավելի հաճախակի կդառնան Ձեր այս պատմական այցի արդյունքներով»:

Նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում, ինչպես նաև խոսել ենք Իրաքում այժմ առկա իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել երկկողմ համագործակցությանը քաղաքական, տնտեսական, առևտրաշրջանառության ոլորտներում: Հույս ենք հայտնում, որ այն էլ ավելի կամրապնդվի:

Ցանկանում եմ նաև իմ զորակցությունը հայտնել հայ ազգին` տեղի ունեցած արհավիրքի` Հայոց ցեղասպանության կապակցությամբ: Անձամբ ներկա եմ գտնվել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Կարևոր եմ համարում ընդգծել Իրաքի հայ համայնքի դերը, որի առկայությունը մեր երկրում գալիս է հնագույն ժամանակներից, խոսքը գնում է մոտ 10 հազար տարվա մասին: Իրաքի ժողովուրդը մեծ օգուտներ է քաղել հայ բնակչությունից, որոնց թվում են` բժիշկներ, գիտնականներ, տարբեր ոլորտների մասնագետներ»:

ՀՀ վարչապետը և Իրաքի նախագահը քննարկել են տնտեսության, առևտրաշրջանառության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, ջրային պաշարների, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի:

Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ