Նիկոլ Փաշինյանն Արտաշատում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Կառավարությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արտերկրի դիվանագիտական ծառայությունների ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք:
Ն.Փաշինյանը շնորհավորել է Արարատի մարզի բնակիչներին՝ Պարեկային ոստիկանության նորամուտի առիթով և հույս հայտնել, որ ծառայության աշխատանքին զուգընթաց նրանք իրենց ավելի պաշտպանված կզգան։
Նա շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին Պարեկային ոստիկանության հիմնադրման հարցում Կառավարությանն աջակցելու համար։ «Պարեկային ոստիկանության հիմնադրման համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է 29 մլրդ դրամ։ Այդ 29 մլրդ դրամից 20 մլրդը ծախսվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, 6 մլրդը տրամադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, 3 մլրդը` Եվրամիության։ Ցանկանում եմ մեր գործընկերներին և Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել այս գործընթացն իրականություն դարձնելու համար։
Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում Պարեկային ոստիկանությունում նոր ընդունելություն է կազմակերպվելու` 300 նոր ծառայողով համալրվելու համար: Այդ 300 ծառայողների շուրջ 80 տոկոսը լինելու են կանայք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը