«Սեպտեմբերի 2-ը մեր բոլորի, մեր ժողովրդի հաղթանակի սիմվոլիկ օրերից մեկն է, պայքարի մեկնարկը, ցավոք այս խորհրդանշական օրը մենք դիմավորում ենք Արցախի համար դաժան ժամանակներում»,-Արցախի ներկայացուցչության դիմաց ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նկատելով, որ Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքը համարվում է Արցախինը՝ նա ցավ հայտնեց, որ տոնական օրը կարողանում են մուտք գործել միայն Արցախի այդ տարածքը:
«Մենք խոսում ենք Արցախի մասին, բայց նրա պաշտպանությունը ինքնաշխատ կերպով նաև Հայաստանի պաշտպանությանն է բերում»,-ասաց Աբրահամյանը՝ նկատելով, որ բոլորը պետք է սատար կանգնեն Արցախին:
Անդրադառնալով Արային Հարությունյանի հրաժարականին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ դեռ պետք է հասկանալ, թե այդ փոփոխությամբ ինչպես են հասնելու արդյունավետ կառավարման, որովհետև Արցախի ռեսուրսները և հնարավորությունները շրջափակման պայմաններում խիստ սահմանափակ են:
«Շատ կարևոր է, որ այսօր Արցախում լինի առաջնորդող մարդ, որն ունի սկզբունքներ և առաջին հերթին պայքարում է իր մեջ չպարտվելու համար, հավատում է վաղվա օրվան,- ասաց ԱԺ պատգամավորը և ընդգծեց պետական կառավարման փորձառության առաջնայնությունը:
Նա հույս հայտնեց, որ Արցախում իշխանափոխության մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի խուսափել ներքին և արտաքին անվտանգային ցնցումներից՝ թույլ չտալով ադրբեջանական շահերը ներկայացնող ուժերին այդ գործընթացի մասը լինել:
Անդրադառնալով Սոթքի դեպքերին՝ Աբրահամյանը ցավով արձանագրեց, որ բոլոր բարձունքներն այդ ուղղությամբ ադրբեջանական վերահսկողության տակ են և նրանք ոչ թե նոր բարձունքներ են ուզել գրավել, այլ վնաս և կորուստ պատճառել:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը