27 08 2023

Մինչ այս պահն արցախյան առաջարկի վերաբերյալ որևէ պատասխան կամ արձագանք չկա․ Տիգրան Աբրահամյան

Մինչ այս պահն արցախյան առաջարկի վերաբերյալ որևէ պատասխան կամ արձագանք չկա․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«2 օր առաջ Արցախի իշխանությունը հրապարակային դիմեց ՌԴ-ին` Ադրբեջանի հետ անվտանգ վայրում հանդիպում կազմակերպելու և առաջացած խնդիրները քննարկելու համար:

Այս թեմայի վերաբերյալ նախօրեին տեսաուղերձով խոսեց Արցախի պետնախարարը, ով ընդգծեց, որ անվտանգ հանդիպման վայր ասելով նկատի ունեն, օրինակ` ռուսական ռազմակայանը կամ մեկ այլ վայր, բայց ոչ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք:

Ադրբեջանի վերահսկողության որևէ հատվածում չկա երաշխիք, որ բանակցողների անվտանգությունը կպաշտպանվի և այս տեսանկյունից մոտեցումը տրամաբանական է:

Հաջորդ հանգամանքը, որն ուրվագծվում էր արցախյան առաջարկում այն էր, որ ադրբեջանցիների հետ հանդիպումը պետք է լինի միջնորդների ներկայությամբ ու անհրաժեշտ երաշխիքներով, որ փոխադարձ պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա:

Այն ուժերը, որոնք պնդում են, որ կարելի է ադրբեջանցիների հետ առանց միջնորդների ու միջազգային երաշխիքների հավասար պայմաններում բանակցել` կա´մ սիրողական մոտեցում ունեն քաղաքական գործընթացների վերաբերյալ, կա´մ Արցախը նպատակային տանում են ադրբեջանացման ճանապարհով:

Արձանագրենք, որ մինչ այս պահն արցախյան առաջարկի վերաբերյալ որևէ պատասխան կամ արձագանք չկա` ո´չ հրապարակային, ո´չ էլ որքան տեղյակ եմ` ներքին խողովակներով, իսկ իրադրությունն Արցախում շարունակում է սրընթաց անկման գնալ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ