7or.am-ը գրում է․ Այսպես կոչված «կառավարության» հերթական նիստում «ՀՀ վարչապետ» գրությամբ սաղավարտ կրողը, նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, նորից երկար-բարակ ճառեց Արցախի, «խաղաղության պայմանագրի», իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևի տված վերջին հարցազրույցի առանձին կետերի մասին:
Նիկոլ Փաշինյանը բավականին կայծակնային ընկալում ունի, պետք է նկատել: Համենայն դեպս իր այդ երկար դատարկաբանության ընթացքում նա մասնավորապես նշեց. «Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանն է Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմա-Աթայի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով «Խաղաղության պայմանագիր» ստորագրել և հետագայում, արդեն սահմանազատման և սահմանագծման գործընթացում, տարածքային պահանջներ առաջադրել ՀՀ-ին»:
Այդպես էլ ուզում ես հայտնի ժողովրդական կատակի ոգով հարցնել՝ այդպես արագ ընկալող քանի՞ եղբայր եք: Բայց վստահ ենք սա հերթական նիկոլիզմ չէ: Դե այն, որ Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար անտեղյակ, «միամիտ ու խեղճ հարիֆ» է ձևանում: Սա ավելի վատ բան է: Հազիվ թե Նիկոլ Փաշինյանն ուշ է ընկալում Ալիևին: Հազիվ թե: Մանավանդ, որ մինչև այժմ Ալիևն ինչ ասել է, Նիկոլ Փաշինյանը վազելով կատարել է: Ալիևն ինչ ուզել է, Նիկոլ Փաշինյանը վազելով տվել է: Ու շարունակելու է տալ, քանի դեռ կա և գտնվում է վարչապետի պաշտոնում:
Այն, թե ինչ նպատակադրումներ ունի Ալիևը, ակնհայտ է՝ հայաթափել Արցախը, զավթել Սյունիքը, առնվազն մի քանի «միջանցք» բացել դեպի Նախիջևան, Հայաստանի Հանրապետության տարածքից զավթել առնվազն 8 բնակավայր՝ շրջակա տարածքներով, մոտ 300-400 հազար ադրբեջանական թուրքերի վերաբնակեցնել ՀՀ ու գերազանցապես Երևանի տարածքում, ապա 1-2 տարի հետո հայտարարել Հայաստանն Արևմտյան Ադրբեջան: Ալիևը բաց է ասել այդ մասին:
Այնպես որ, եթե հիմա Նիկոլ Փաշինյանը խոսում է, թե «տպավորություն է ստեղծվում՝ Ադրբեջանի պլանը...» այս է կամ այն է, նա ոչ թե ուշ է հասկանում Ալիևի ասածներն ու նրա մտադրությունները, այլ հակառակը՝ մի բան էլ Ալիևից առաջանցիկ է հռչակում նրա իրական ծրագրերը: Դա սովորաբար բնորոշում են որպես «օվերտոնի պատուհան»:
Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանը «վարժեցնում է» մի հնարավոր հեռանկարի, որի շուրջ արդեն բանակցություններ են ընթանում:
Նիկոլ Փաշինյանը խոսում է ստացած ու մեջբերված «տպավորություններից» ու միաժամանակ, բառացիորեն մի երկու նախադասություն հետո հայտարարում է հետևյալը. «Ուզում եմ ընդգծել Հայաստանի հավատարմությունը միմյանց՝ 86,600 և 29,800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու պայմանավորվածությանը: Սպասում ենք Ադրբեջանի կողմից այդ պայմանավորվածության հրապարակային վերահաստատմանը»:
Այդպիսով, այսինքն՝ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարելով ու վերահաստատելով ու ինքը, իր կառավարությունը, իր թիմը ուրանում են Արցախը, Արցախը նորից ու նորից ճանաչում են ադրբեջանական տարածք, հրաժարվում են Արցախից ու Արցախի հայերից՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևին տրամադրում է հենց այն հենքը, որի հիման վրա էլ նա շարունակելում է իր զավթողական ու ագրեսիվ գործողությունները: Ավելին,Նիկոլ Փաշինյանի նման դավաճանական հայտարարությունն ու այն անընդհատ կրկնելը վկայում է նրա ու թշնամու սերտ համագործակցության մասին:
Նիկոլ Փաշինյանին պաշտոնավարումը շարունակելու հնարավորություն տալը, նրա իշխանությունը հանդուրժելը կարող է հանգեցնել միայն մեկ հետևանքի՝ Հայաստանի կործանմանը, հայության պետականազրկմանը: Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ հեռացվի իշխանությունից, հակառակ դեպքում նա վերջնականապես կործանելու է Հայաստանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը