ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հաշվի առնելով բազմաթիվ քաղաքացիների մտահոգությունները և բողոքները վերջին շրջանում խմելու ջրի որակի առնչությամբ, օրերս հարցում էի ուղղել ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։
Խնդրել էի պարզաբանել, թե արդյո՞ք Տեսչական մարմինը ուսումնասիրել է խնդիրը, և իրականացվե՞լ է նմուշառում՝ ջրի որակը պարզելու նպատակով։
Ստացել եմ պատասխան, որի համաձայն՝
✅2023 թվականի հունվարի 1-ից խմելու ջրի ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման և պետական շահագրգիռ մարմիններին հասցեագրվել է կանխարգելիչ բնույթի 194 գրություն։
✅Հարուցվել է 112 վարչական վարույթ, որից՝ 106-ը հարուցվել է Տեսչական մարմնի նախաձեռնությամբ, իսկ 6-ը՝ քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների հիման վրա։
✅Տրվել է շուրջ 24 կարգադրագիր՝ շահագործող կազմակերպությունների պատասխանատուներին արձանագրված խախտումները վերացնելու համար։ Պատասխանատու պաշտոնատար անձինք ենթարկվել են վարչական տույժի։
‼️ Այս ամենից կարելի է ենթադրել, որ ինչպես մեր, այնպես էլ՝ քաղաքացիների կասկածները ջրի որակի փոփոխության վերաբերյալ, զուր չէին։ Հարուցված 112 վարչական վարույթները արդեն իսկ մտահոգությունների տեղիք են տալիս։
‼️ Անհրաժեշտություն եմ համարում նաև վարչարարության խստացումը, առավել խիստ պատժի կիրառումը, քանի որ գործ ունենք բնակչության առողջության հետ։
Պատկան մարմինները ահռելի պատասխանատվություն են կրում այս հարցում։ Կարևորելով հանրային առողջությունը և անվտանգությունը՝ հետամուտ եմ լինելու խնդրին և դրա լուծմանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը