Վերանայվում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց եվ վերակառուցվող շենքերի նախկին բնակիչների բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը եվ չափերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Հաշվի առնելով խնդրի արդիականությունը և այդ հարցով ինձ պարբերաբար ներկայացվող դիմումները, իմ կողմից տրվել էր բնակարանով չապահովված՝ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց և վթարակային շենքերից տեղափոխված բնակիչների բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով ֆինանսական աջակցության չափերը վերանայելու հանձնարարական:
ԱՀ բնակարանային կոմիտեի կողմից երեկ ավարտին է հասցվել խնդրի լուծմանն ուղղված ԱՀ կառավարության որոշման նախագծման աշխատանքները, որով շահառու ընտանիքներին տրվող ֆինանսական աջակցության չափը պայմանավորված է լինելու ընտանիքի անդամների թվով: Ըստ այդմ՝ առաջարկվել է 1 հոգուց բաղկացած ընտանիքի անդամին տրամադրել 60.000 դրամի չափով աջակցություն, 2-ի դեպքում՝ 80.000 դրամ, 3-ի դեպքում՝ 120.000 դրամ, 4-ի դեպքում՝ 140.000 դրամ, 5 և ավելիի դեպքում՝ 160.000 դրամ:
Կառավարության որոշումն ընդունվելուց հետո այդ մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը