01  04  2017

Քարոզարշավի և քվեարկության միջև. մեկնարկել է լռության օրը

Քարոզարշավի և քվեարկության միջև. մեկնարկել է լռության օրը

Խորհրդարանական ընտրությունների քարոզչության շրջանն ավարտվել է: Ապրիլի 1-ը լռության օր է: ՀՀ ընտրական օրենսգրքի 4-րդ գլխի 18-րդ հոդվածով՝ քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է:

Ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունն է: Ընտրապայքարին մասնակցում են 9 քաղաքական ուժեր՝ կուսակցություններ և դաշինքներ: Ըստ ընտրված հերթականության՝ այդ ուժերն են՝ «Ելք» դաշինք, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, «Հայկական վերածնունդ» կուսակցություն, «Ծառուկյան» դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք, Հայաստանի հանրապետական կուսակցություն, Հայաստանի կոմունիստական կուսակցություն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն:

Քվեարկությունը կսկսվի ժամը 08:00-ին, կավարտվի 20:00-ին: Ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն ապրիլի 3-ին՝ մինչև 20:00-ն:

2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 49 տեղական հասարակական կազմակերպության՝ թվով 28 021 դիտորդ: Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել են հետևյալ միջազգային կազմակերպությունները՝ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), ԱՊՀ դիտորդական առաքելություն, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, Եվրոպական խորհրդարան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ