ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հայտարարությունը խորհրդարանում
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Նիկոլ Փաշինյանը կատարեց Ալիևի հերթական պահանջը։ Վերջինս պահանջել էր Փաշինյանից հրապարակավ ընդունել, որ Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ։ Փաշինյանը վաղուց էր դա քարոզում, բայց ուղիղ տեքստով դա արեց երեկ։
Փաշինյանն իր երեկվա ասուլիսից հետո հայտնվեց հակապետական, հակասահմանադրական դաշտում։ Նա լեգիտիմ չէ և այդ ոչ լեգիտիմությունն ունի բարոյական, քաղաքական, իրավական հիմք։
Եթե 2018–ին Փաշինյանը մարդկանց զգացմունքները և մղումները սեփականաշնորհելով, մանիպուլյացիաներ ու պոպուլիզմ կիրառելով եկավ իշխանության, ապա 2021–ին նա դա արեց մեծ խաբեության օգնությամբ։ Այդ խաբեության միջոցով տեղի ունեցավ իշխանության զավթում, իսկ հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է դավադրաբար հանձնվում Արցախը և հարցականի տակ դրվում Հայաստանի գոյությունը։
2021–ին նա խոստացավ, որ բերելու է խաղաղություն՝ զուգահեռաբար տեր կանգնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Խոստացավ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարցը հետապնդել։ Խոստացավ ու խաբեց։ Ու եթե այս ամենին գումարենք այն, որ կոռուպցիայի դեմ պայքարից խոսող իշխանությունների օրոք Հայաստանը դարձել է թմրամիջոցային խոշոր կենտրոն և բացահայտված մասով 1 միլիարդ եվրոյից ավելի գումար է շրջանառվում, ապա պարզ է դառնում, որ Փաշինյանի լեգիտիմությունը զրոյացել է։ Եթե սկզբում ասում էին՝ «անգրագետ են կառավարում, բայց «զատո» կոռուպցիոներ չեն», ապա հիմա այդ փուչիկն էլ է պայթել։
Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելով՝ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է լրիվ այլ տիրույթում։ Նա իր անձնական անվտանգության խնդիրներն է լուծում՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության և գոյության հաշվին։ Նա բոլոր առումներով ավարտված գործիչ է։
Հիմա բոլորիս ու յուրաքանչյուրիս համար եկել է պատասխանատվության պահը։ Ամեն մեկն իր որոշումը պետք է կայացնի, այդ թվում՝ բոլոր ՔՊ–ականները։ Կոլեկտիվ անպատասխանատվությունն այս դեպքում չի աշխատելու։ Ամեն մեկը պետք է պատասխան տա իր արածի կամ չարածի համար։
Հարգելի՛ հայրենակցիներ,
Սա ճշմարտության պահ է։ Ամեն մեկս պետք է պատրաստ լինենք առաջնորդելու և առաջնորդվելու։ Ամեն մեկս պետք է հասկանա, որ իրենից ու միայն իրենից է կախված մեր երկրի փրկությունը։ Այդ փրկության անհրաժեշտ նվազագույն պայմանը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Մեր պետությունն ու ժողովուրդը չեն կարող գերի դառնալ մեկ մարդու վախերին, հաշվարկներին ու հանցագործություններին։
Արցախն Ադրբեջան չէ, և վե՛րջ։
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, և վե՛րջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը