30 03 2023

Փաշինյանենք կարծում են՝ այսօր շուտ է, ավինյանենք ասում են՝ վաղը ուշ կլինի. վերլուծական

Փաշինյանենք կարծում են՝ այսօր շուտ է, ավինյանենք ասում են՝ վաղը ուշ կլինի. վերլուծական

7or.am-ը գրում է․ Երևանի քաղաքապետարանում նստելու շուրջ, բանից պարզվում է, բավականին լուրջ կրքեր են բորբոքվել Նիկոլ Փաշինյանի «թիմի» ներսում: Հետաքրքիրն այն է, որ այդ կրքերը գնալով ավելի ու ավելի են բորբոքվում, ներ-քպ-ական հարաբերությունները սրվում են: Ու, եթե մի որոշ ժամանակ էլ այսպես շարունակվի, ապա Նիկոլ Փաշինյանի «թիմ» ասվածն իսկապես էլ չակերտավոր մի բան կդառնա: Համաձայնեք, որ դժվար է մի որևէ խմբավորում համարել «թիմ», եթե դրա ներսում մեկը մյուսի հասցեին, փողոցային բառամթերքով ասած՝ «թարախ է շնչում»:

Իբր Արսեն Թորոսյանի հետ կապված բարդացումները քիչ էին, հիմա էլ՝ փոխքաղաքապետ Ավինյանի՝ քաղաքապետանալու ամբիցիաներն են ներիշխանական կրակի վրա յուղ և այլ դյուրավառ նյութեր լցնում:

Այստեղ հետաքրքիրն այն է, որ Տիգրան Ավինյանն ինքզինքը արդեն քաղաքապետ է համարում: Լիարժեք: Ասում են, անգամ արդեն որոշակի համաձայնություններ ու պայմանավորվածություններ է ձեռք բերում տարբեր ունևոր շրջանակների հետ, այն շրջանակների, որոնց մինչև 2018 թվականը համարում էին հանցագործներ: Բայց վերջիններս, լավ հասկանալով, որ գործ ունեն ամեն դեպքում նիկոլականների հետ, վախենում են ձեռնունայն մնալ, ինչը, էլի փողոցային բառամթերքով ասած՝ «քցել» են բնորոշում:

Մյուս կողմից, շատերն են նկատում, որ Տիգրան Ավինյանը շտապում է և ՔՊ-ի ներսում հանդես է գալիս Երևանի ավագանու ընտրություններն արտահերթ անցկացնելու օգտին՝ չսպասելով, թե երբ սեպտեմբերին կգա հերթական ընտրությունների գնալու ժամանակը: Նրա հիմնավորումները զուրկ չեն ողջամտությունից, ի դեպ: Համենայն դեպս, ըստ շրջանառվող լուրերի, ավինյանականները շտապելու անհրաժեշտությունը հիմնավորում են նրանով, որ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշը գնալով ավելի ու ավելի է ընկնում: Կարելի է ասել՝ գահավիժում է: Եվ մեծ հարց է, թե այդ վարկանիշից ինչ կմնա սեպտեմբերին: Ճիշտ է, Փաշինյանի ձեռքի տակ միշտ էլ կա ընտրակեղծիքների՝ վերջին տարիներին բազմիցս փորձարկած «զինանոցը», բայց մի քանի ամիս անց բանը կարող է նաև բանից անցնել այնպես, որ դա էլ չօգնի: Ուստի ավինյանականները շտապեցնում են իրենց առաջնորդին, թե՝ հնարավորինս շուտ ու արտահերթ ընտրություններ է պետք անցկացնել ու կիրառել կեղծիքների զինանոցը:

Նիկոլ Փաշինյանն ու նրա մի քանի այլ մերձավորներ, ըստ շրջանառվող լուրերի, նախ, այնքան էլ հիացած չեն Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետ դառնալու հեռանկարով: Այնքան հիացած չեն, որ ՔՊ-ի ներսում նրան մի քանի անգամ ակնարկել են, որ առհասարակ, ՔՊ-ն կարող է և այլ թեկնածություն առաջադրել քաղաքապետի պաշտոնում: Մյուս կողմից, նրանք կարծում են, որ չարժե հայտնվել Ավինյանի ցանկացած արագացման «խաղի» մեջ, այլ պետք է համբերել, հասնել ավագանու հերթական ընտրությունների անցկացման ժամկետին ու այնտեղ արդեն զանազան խարդախություններով ու խախտումներով հանդերձ՝ թեկուզ նույն Ավինյանին դարձնել Երևանի քաղաքապետ: Դրանով Փաշինյանն ու մյուսները կարծում են, որ նաև իրենցից կախվածության մեջ կպահեն Ավինյանին՝ հասկացնելով, որ ցանկացած պահի կարող են ազատվել իրենից: Ի վերջո, հենց այնպես չեն տեղեկություններ տարածվում, որ Ավինյանին ներ-քպ-ական շփումների ժամանակ այդ առնչությամբ թեթևակի ակնարկել են, որ ընտրություններին կուսակցություններն են մասնակցում, այլ ոչ թե անհատները:

Մի խոսքով՝ ՔՊ-ում «ուրախ» մթնոլորտ է: Բայց այս բոլոր խոսակցությունների մեջ ամենից հետաքրքիրն ու հատկանշականն այն է, որ ընտրությունների անցկացման ցանկացած պարագայում՝ արտահերթ, թե հերթական, ՔՊ-ում հիմնական հույսը դնում են ընտրակեղծիքների և «ծրագրի» վրա: Այո, քվեները հաշվելու կոմպյուտերային ծրագրի վրա, որ իրենց ուզած թվերը հրապարակեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ