25 03 2023

Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը. Անդրանիկ Թևանյան

Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը. Անդրանիկ Թևանյան

Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ-ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«ՀՀ «անկախ» Սահմանադրական դատարանը մեր սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Սա շարքային քաղաքացուն ոչինչ չասող լուր է, որը սակայն բացասաբար կարող է ազդել ՀՀ շարքային ու ոչ շարքային քաղաքացիների վրա։

Հարցի սահմանադրաիրավական կողմին մասնագիտական գնահատական է ներկայացրել իրավաբան Վահե Գրիգորյանը՝  որոշումը որակելով որպես հակասահմանադրական։

Ես ՍԴ–ի որոշման մասով իրավական ոլորտ չեմ մտնի, քանզի հարցն ավելի շատ անվտանգային ու աշխարհաքաղաքական բաղադրիչ ունի։

Բանն այն է, որ օրերս Միջազգային քրեական դատարանը՝ ՄՔԴ–ն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման է արձակել։ Հռոմի ստատուտի անդամները, որոնք ճանաչում են ՄՔԴ–ի որոշումները, պարտավոր են կատարել այդ կառույցի կայացրած որոշումները։

ՀՀ սահմանադրական դատարանը, Ռուսաստան–Արևմուտք սուր բախման պայմաններում, իր որոշմամբ անուղղակիորեն համաձայնել է, որ Պուտինը կարող է ձերբակալվել։ Եվ սա այն դեպքում, երբ Արցախում ռուս խաղաղապահներն են կանգնած, երբ հայ–թուրքական սահմանը վերահսկում են ռուսական զորքերը, երբ ՀՀ անվտանգությունը մեծապես կախված է Ռուսաստանից, երբ ՀՀ–ն ՀԱՊԿ անդամ է, երբ հայ–ռուսական հարաբերությունները հռչակված են ռազմավարական, և երբ Փաշինյանը ասում է, թե, իբր, հայ–ռուսական հարաբերությունները փայլուն են։

Իրականությունն այն է, որ Փաշինյանը ՍԴ–ի միջոցով հերթական հակառուսական քայլն է անում՝ Հայաստանն ու Արցախը դարձնելով մանրադրամ աշխարհաքաղաքական խաղերում։

ՀՀ ՍԴ–ի կողմից Ռուսաստանի ու անձամբ Պուտինի դեմ ընդունած այս ակնհայտ թշնամական որոշումը փչացնում է հայ–ռուսական հարաբերությունները և լրջորեն սպառնում մեր անվտանգությանը։

Այստեղ հռետորական հարց է առաջանում՝ ի՞նչ իրավունքով կարող է հայ ժողովուրդը Ռուսաստանից օժանդակություն ակնկալել, երբ Նիկոլ Փաշինյանը, բոլորի հետ խաղեր տալու շրջանակներում, ակնհայտ հակառուսական քայլի է գնացել՝ փորձելով դուր գալ Արևմուտքին։

Ո՞վ է վճարելու այս ամենի գինը»,- գրել է Թևանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ