14 03 2023

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Ալիևին կոչ արեց անհապաղ վերացնել Արցախի շրջափակումը

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Ալիևին կոչ արեց անհապաղ վերացնել Արցախի շրջափակումը

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ արեց անհապաղ բացել Լաչինի միջանցքն ու դադարեցնել Արցախի շրջափակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռասմուսենն այդ մասին հայտարարեց Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Երեկ հանդիպումներ եմ ունեցել Երևանում, իսկ այսօր այցելել եմ Հայաստանի հարավային մարզեր, որպեսզի իմ աչքերով տեսնեմ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները: Ես Ջերմուկում եմ, և քաղաքապետն ինձ ասաց, թե ադրբեջանական հարձակումը ինչ բացասական ազդեցություն է ունեցել քաղաքի, մասնավորապես՝ զբոսաշրջային կյանքի վրա: Այսօր այցելել էի Լաչինի միջանցքի սկզբնամաս: Ինչպես գիտեք, այդ միջանցքը միակ կապն է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության միջև: Անցած տարվա դեկտեմբերից այդ ճանապարհը շրջափակման մեջ է: Այս շրջափակումը ոչ մարդկային է, ոչ էլ օրինական: Ես հանդիպեցի մարդկանց հետ, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, և նրանք ինձ պատմեցին այն կրիտիկական իրավիճակի մասին, որը տիրում է Լեռնային Ղարաբաղում:

Շրջափակումը նշանակում է, որ միայն շատ փոքր քանակով պարեն կամ դեղորայք է հնարավոր հասցնել Լեռնային Ղարաբաղ, ինչը նշանակում է պարենի և կյանքի համար անհրաժեշտ դեղորայքի պակաս Լեռնային Ղարաբաղում: Մենք բախվում ենք մարդասիրական ճգնաժամի, որը կարող է վերածվել մարդասիրական աղետի: Այդ շրջափակումն անօրինական է: Արդարադատության միջազգային դատարանը մի քանի շաբաթ առաջ որոշում է կայացրել, որով Ադրբեջանին պարտադրում է ապահովել ազատ ու անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Որոշումը պարտադիր է, որը նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքն ազատ տեղաշարժի համար: Ես ուղերձ եմ հղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ասում եմ՝ վերացրու շրջափակումն անհապաղ»,- ասաց Ռասմուսենը:

Նա հիշեցրեց, որ վերջին անգամ Հայաստան այցելել է 2012 թվականին՝ որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար: «Այդ օրվանից շատ բան է փոխվել, և ես հանդիպեցի վարչապետի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին, և գոհունակություն եմ հայտնել առ այն, թե ինչ ջանքեր են նրանք գործադրում Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու համար: Ես այստեղ եմ Հայաստանի կառավարության հրավերով, որպեսզի օգնեմ Հայաստանին ամրապնդել կապերն Եվրամիության, Արևմուտքի հետ առհասարակ»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ