10 03 2023

Ադրբեջանի ՄԻՊ-ը ապատեղեկատվություն է տարածում և անհիմն հայտարարություններ է անում․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի ՄԻՊ-ը ապատեղեկատվություն է տարածում և անհիմն հայտարարություններ է անում․ Արցախի ՄԻՊ

Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ցավալի է տեսնել, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի ազգային ինստիտուտը, ի դեմս Սաբինա Ալիևայի, մարդու իրավունքների պաշտպանության իրական առաքելությանը հավատարիմ մնալու և զանգվածային խախտումների դատապարտման փոխարեն այս օրերին զբաղված է Արցախի դեմ Ադրբեջանի հանցավոր գործողությունները արդարացնելով, որոնք հանգեցրել են Արցախում հումանիտար ճգնաժամի և անմեղ զոհերի:
Հետևելով ադրբեջանական կառավարական քարոզչամեքենայի տրամաբանությանը՝ Սաբինա Ալիևան միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում և անհիմն հայտարարություններ անում Հայաստանից Արցախ իբր «զենքի, զինամթերքի և այլ զինտեխնիկայի, այդ թվում՝ ականների, վառելիքի և զորքերի տեղափոխման մասին»՝ առանց հիմնավոր փաստեր ներկայացնելու։ Արցախյան կողմը ներկայացրել է բազմաթիվ հիմնավոր ապացույցներ Արցախի Հանրապետության ոստիկանական մեքենայի վրա ադրբեջանական 15 զինծառայողների կողմից իրականացված ահաբեկչության վերաբերյալ։ Մեքենան շարժվում էր դեպի նախատեսված հերթափոխի վայր, որտեղ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, չպետք է գտնվեին ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ։
«Զինամթերքի փոխադրման» փաստարկն Ադրբեջանի կառավարության կողմից պատրաստված ևս մեկ բացահայտ սուտ է, որն Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի կողմից օգտագործվում է որպես գործիք՝ շարունակվող շրջափակումը և ադրբեջանական դիվերսիոն խմբի վերջին ահաբեկչությունը քողարկելու համար։ Նման ստերը պատրվակ են ծառայում ապագայում նոր հարձակումների հող նախապատրաստելու համար։
Իրավապահ մարմինների և ուժային կառույցների գործունեությունն Արցախում միանգամայն համահունչ է միջազգային իրավունքին և միջազգային նորմերին, քանի որ հիմնված է միջազգայնորեն ճանաչված ինքնապաշտպանության իրավունքի վրա։ Ավելին, Ադրբեջանի բազմակի սադրանքները, որոնք հանգեցրել են այնպիսի ահաբեկչական գործողությունների, ինչպիսին է ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը, ևս մեկ անգամ վերահաստատում են Արցախի անվտանգության կարողությունների պահպանման և հետագա ամրապնդման խիստ անհրաժեշտությունը՝ Ադրբեջանից եկող էկզիստենցիալ սպառնալիքներին դիմակայելու և ժողովրդի պաշտպանությունն ու անվտանգությունը ապահովելու համար։ Բացի այդ, Ադրբեջանն իրավունք չունի միջամտելու Արցախի Հանրապետության ներքին գործերին և պահանջելու լուծարել պետական կառույցները՝ Ոստիկանությունն ու Արցախի պաշտպանության բանակը։
Ուղղակի անհեթեթ է, որ այն կողմը, որը 2020 թվականի պատերազմի ավարտից հետո համակարգված, միտումնավոր և հետևողականորեն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները, հայկական կողմին հորդորում է հարգել այն։ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու կոչ անելով` Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը բացահայտ խրախուսում իր երկրին անտեսել ստանձնած միջազգային պարտավորությունները և խախտել եռակողմ հայտարարության 6-րդ կետը, որով սահմանվում է․ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով»:
Այս համատեքստում Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը աչք է փակում 2020 թվականի պատերազմի ավարտից հետո եռակողմ հայտարարության խախտումների վրա, որոնք հանգեցրել են Խծաբերդի և Հին թաղերի, Քարագլխի և Փարուխի ռազմական ագրեսիային և օկուպացիային, 21 մարդու, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչների դիտավորյալ սպանությանը, ադրբեջանական զինուժի կողմից արցախցիներին գերեվարելու դեպքերի և ավելի քան 100 սպանության փորձերի։ Պարադոքսալ է, բայց Ադրբեջանի իրավապաշտպան հաստատության ձայնը չլսվեց, երբ 2021 թ․ հոկտեմբերի 9-ին Մարտակերտում՝ սեփական նռան այգում, ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանվեց 55-ամյա Արամ Տեփնանցը, որը իր տրակտորով սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։ Սաբինա Ալիևայի ձայնը չլսվեց նաև, երբ 2021 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանցի զինծառայողը հարձակվեց Շուշիի տարածքում ջրատարի վերանորոգման աշխատանքներ կատարող մի խումբ քաղաքացիական անձանց վրա, ինչի հետևանքով գլխին ստացած կրակոցից զոհվել է 22-ամյա Մարտիկ Երեմյանը, իսկ երեք քաղաքացիական անձ՝ վիրավորել։ Ի վերջո, Սաբինա Ալիևան հրապարակայնորեն որևէ մտահոգություն չարտահայտեց, երբ 2021 թվականի դեկտեմբերի 3-ին Մարտունու շրջանի Ճարտար համայնքի մոտ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս 65-ամյա Սեյրան Սարգսյանը գերեվարվեց և սպանվեց ադրբեջանական զինուժի կողմից։
Ինչպես ընդունված է ադրբեջանական կողմի համար, Սաբինա Ալիևան ոչ մի խոսք չի ասել 120,000 արցախցիների, այդ թվում՝ 30,000 երեխաների՝ երեք ամիս շարունակվող անօրինական շրջափակման մասին, որը կազմակերպվել է Ադրբեջանի կառավարության և իրականացվում է այսպես կոչված «բնապահպանական ակտիվիստների» կողմից, որոնցից շատերն ապացուցված փաստերով Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործող կամ նախկին ներկայացուցիչներ են։ Չնայած մի շարք միջազգային հեղինակավոր միջկառավարական և հասարակական կազմակերպությունների, պետական և ոչ պետական դերակատարների՝ Արցախի կյանքի ճանապարհը ապաշրջափակելու կոչերին, ինչպիսիք են Եվրոպական խորհրդարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, Եվրոպական խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը, Freedom House-ը, Amnesty International-ը, Human Rights Watch-ը, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, իրեն «Մարդու իրավունքների հանձնակատար» անվանող անձը շարունակում է անամոթաբար և բացահայտորեն հերքել հումանիտար ճգնաժամի իրողությունը։
Արցախը «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջան» անվանելով և չունենալով համարձակություն այն կոչել իր իրական անունով՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարն անտեսում է Լեռնային Ղարաբաղի բուն գոյությունը, որը ճանաչվել է անգամ համաշխարհային բարձրագույն դատական ատյանի՝ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի կողմից։ Սաբինա Ալիևայի կողմից արցախահայության հիմնարար իրավունքների ժխտման այս միտումնավոր մոտեցումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի՝ այսպես կոչված «վերաինտեգրումը» Ադրբեջանին ուղղակիորեն ճանապարհ կհարթի Արցախի բնիկ ժողովրդի էթնիկ զտումների և ցեղասպանության համար։
Նման անհեթեթ ու քաղաքականացված հայտարարություններով Սաբինա Ալիևան վարկաբեկում է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը և դրա իրական նպատակը։ Անաչառ և արդար հաստատություն լինելու փոխարեն նա օգտագործում է իր մանդատն ադրբեջանական պետական քարոզչամեքենայի շահերին ծառայելու համար՝ դառնալով Ալիևի ավտորիտար ռեժիմի գործիքակազմի հերթական գործիքը։
Մարդու իրավունքների հանձնակատարի մանդատի ռեսուրսներն Արցախի մասին կեղծ տեղեկություններ տարածելու վրա վատնելու փոխարեն, հորդորում եմ Սաբինա Ալիևային խորապես ծանոթանալ Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակին և դրանց համատարած խախտումներին, ինչպես նաև զբաղվել այդ առնչությամբ Ադրբեջանին վերագրված ՄԻԵԴ և ԱՄԴ բազմաթիվ որոշումների և միջոցառումների պատշաճ կատարման հարցերով։
Միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրում եմ նաև Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի գործունեության վրա, որը հեռու է մարդու իրավունքների պաշտպանությունից և, ընդհակառակը, օգտագործվում է մարդկանց հիմնարար իրավունքների խախտումները արդարացնելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ