31 01 2023

Ես Կոնջորյանի կամ Հովհաննիսյանի ենթական չեմ, մանավանդ՝ նրանց օգնականների ենթական չեմ, որ կարողանան ինձ ճնշել․ Վահան Նարիբեկյան․ Hraparak.am

Ես Կոնջորյանի կամ Հովհաննիսյանի ենթական չեմ, մանավանդ՝ նրանց օգնականների ենթական չեմ, որ կարողանան ինձ ճնշել․ Վահան Նարիբեկյան․ Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․ Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, թե Ազգային ժողովում ՔՊ-ն երեկոյան դռնփակ նիստ է անցկացրել, որտեղ պահանջել են ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի հրաժարականը, իսկ իրականում՝ աշխատանքից ազատումը։ Պահանջողներն էլ եղել են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Պատճառը պատգամավորների օգնականներին պարգևավճար չհատկացնելն է, որի վերաբերյալ անգամ ստորագրահավաք էին կազմակերպել՝ Նարիբեկյանից պահանջելով անպայման իրենց պարգևատրել։


Պատգամավորների օգնականներից ամենաակտիվը հենց Կոնջորյանի ու Հովհաննիսյանի օգնականներն էին։ Ու թեև շատերի կարծիքով՝ Նարիբեկյանի վրա ուղղակի ատամ ունեին որոշ ՔՊ-ականներ, և սա ընդամենը պատրվակ էր՝ նրա դեմ բողոքի ալիք բարձրացնելու, սակայն երեկ ՔՊ-ի փակ նիստում հենց պարգևավճարն են դարձրել Նարիբեկյանի դեմ «բոլոլայի» առիթ։ 

Մենք կապ հաստատեցինք Վահան Նարիբեկյանի հետ՝ ստանալու նրա մեկնաբանությունը տարածվող լուրերի վերաբերյալ։

Նարիբեկյանը նախ ասաց, որ ինքն այս պահին գտնվում է Փարիզում՝ գործուղման է, որի շրջանակներում հանդիպել է Փարիզի սենատի իր պաշտոնակցի հետ, վաղը նոր կգա Երևան։ Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած լուրերին, ապա Նարիբեկյանն ասաց, որ դրանց կպատասխանի, երբ լինի Հայաստանում։ 

Մեր դիտարկմանը, թե լուրեր կան, որ ինքը տեղի է տվել Հայկ Կոնջորյանի ու Արթուր Հովհաննիսյանի, նաև նրանց օգնականների ճնշմանն ու Հայաստան գալուն պես՝ ազատման դիմում է գրելու, Նարիբեկյանն ասաց․ «Ես Հայկ Կոնջորյանի կամ Արթուր Հովհաննիսյանի ենթական չեմ, մանավանդ՝ նրանց օգնականների ենթական չեմ, որ իրենք կարողանան ինձ ինչ-որ ձևով ճնշել»։

Հարցրինք՝ ազատման դիմում, այդուամենայնիվ, գրելո՞ւ է, Նարիբեկյանն ասաց․ «Նորից եմ ասում՝ կգամ Հայաստան և տեղում կպարզեմ մամուլում տարածված լուրերի իսկությունը»։

Ինչ վերաբերում է նրան, որ պատգամավորների օգնականները պարգևավճար չեն ստացել, դրանից է, որ իր դեմ բողոքի ալիք են բարձրացրել, ԱԺ աշխատակազմի ղեկավարը դա այսպես բացատրեց․ «Պարգևավճար չեն ստացել ոչ միայն պատգամավորների օգնականները, այլև չեն ստացել աշխատակազմի այն աշխատակիցները, որոնք չեն համարվում պետծառայող։ Բոլոր պետծառայողները օրենքի ուժով տարին երկու անգամ պարգևատրվում են։ Իսկ մյուս աշխատակիցները կարող են պարգևատրվել խնայողությունների հաշվին։ Իսկ քանի որ հունվարի սկիզբն էր, խնայողությունների մասին խոսք լինել չէր կարող»։

Նկատեցինք, որ իրենից ընդդիմությունը չի դժգոհում, փոխարենը ՔՊ-ական որոշ պատգամավորներ են դժգոհում, ինչ-որ բա՞ն ունեն իր դեմ, Նարիբեկյանն ասաց․ «Ես նորից եմ կրկնում, որ պատգամավորների կողմից ես ոչ մի դրական կամ բացասական արձագանք չեմ ունեցել, մենք իրար հետ էդ թեմայի շուրջ չենք զրուցել։ Իսկ ինձ, կարծում եմ, բոլորն էլ սիրում ու հարգում են»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ