25 01 2023

Արարատ Միրզոյանը խոստովանեց այն, ինչի մասին կռահում էինք բոլորս. Արմեն Աշոտյան

Արարատ Միրզոյանը խոստովանեց այն, ինչի մասին կռահում էինք բոլորս. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ  Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված էր նաև հանդիպում-քննարկում ՀՀ ԱԳ, այսպես կոչված, նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Հատկանշական էր, որ այդ հանդիպումն իրականացվեց փակ ձևաչափով և մեզ հասանելի է միայն Արարատ Միրզոյանի ելույթի սղագրությունը, որ տեղադրված է ԱԳՆ պաշտոնական կայքում:

Ցավոք, եվրոխորհրդարանականների հետ հարցուպատասխանի հատվածը հրապարակված չէ, ինչը, իհարկե, բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տալիս:

Բայց այս գրառմանս առիթը դա չէ. ծանոթանալով Արարատի ելույթին՝ աչք ծակեց այն հատվածը, որտեղ Արարատ Միրզոյանն առաջին անգամ խոստովանում է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններն Արցախի հարցից տարանջատելու առաջարկն արել է Ադրբեջանը և պաշտոնական Երևանը համաձայնել է Ադրբեջանի այդ առաջարկին:

Դեռևս ամիսներ առաջ և առ այսօր մենք աղաղակում էինք այն մասին, որ այդպիսի տարանջատում իրականացնել չի կարելի, որ չի կարելի Արցախին թողնել Ադրբեջանի հետ դեմ-հանդիման, որ այդպիսի բանակցային մարտավարությունն Արցախին դավաճանելու հերթական դիվանագիտական արարն է և չի բխում Հայաստանի և Արցախի շահերից:

Իշխանության ոհմակի ներկայացուցիչներն այդ գաղափարը սկզբից ներկայացնում էին որպես սեփական նախաձեռնություն՝ ամիսներ առաջ Արմեն Գրիգորյանի, Նիկոլ Փաշինյանի և այլ մանր-մունր ուսապարկերի շուրթերով, հետո փորձում էին ակնարկել, որ այդպիսի մարտավարություն են որդեգրել, քանի որ կա միջազգային խաղացողների նման նախատրամադրվածություն:

Եվ ահա, վերջապես, երեկ Արարատ Միրզոյանը խոստովանեց այն, ինչի մասին կռահում էինք բոլորս։ Պաշտոնական Երևանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, շարունակում է պարել Իլհամ Ալիևի տրամբոնի տակ:

Եւ բնականաբար այդ ռեգիոնալ և աշխարհաքաղաքական պորտապարը, որ իրականացնում է Նիկոլը, արվում է Հայաստանի, հայ ժողովրդի  երկարաժամկետ շահերի հաշվին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ