23 12 2022

Ի՞նչ զարգացումներ են սպասվում Լաչինի միջանցքի շուրջ․ 7or.am

Ի՞նչ զարգացումներ են սպասվում Լաչինի միջանցքի շուրջ․ 7or.am

7or.am-ը գրում է․ Ադրբեջանն արդեն 12-րդ օրն է՝ ապօրինաբար ու ակնհայտ ռազմաքաղաքական նպատակներով շրջափակել է Արցախը՝ փակելով Լաչինի միջանցքը։

Ադրբեջանի նպատակները մի քանիսն են՝

-վարկաբեկել ռուս խաղաղապահներին ու արժեզրկել նրանց առաքելությունը,

-հարվածել Արցախի տնտեսությանը և ստիպել հայերին լքել սեփական տները,

-ճնշել Հայաստանին՝ գնալ հերթական զիջումների, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում,

-սրել իրավիճակը և ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացել,

-նախապատրաստվել Իրանի դեմ գործողություններին։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ Ադրբեջանն ակնհայտ թշնամական ակտ է իրականացնում՝ հիմնվելով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության վրա։ Ինչպես հայտնի է, Պրահայում Փաշինյանը համաձայնել է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելուն։ Այդ մասին հրապարակավ հայտարարեց Ալիևն Աստանայում ու նրա ասածները լռությամբ հաստատեց Փաշինյանը։ Ասել է թե՝ ադրբեջանցի «բնապահպանների» գործողությունների մեղավորությունը նաև Փաշինյանինն է։

Ուշագրավն այն է, որ այս փուլում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների թիրախում ռուս խաղաղապահներն են։ Այսինքն՝ Ալիևն ու Փաշինյանը սինքրոնացված են աշխատում՝ ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերելու, թուրք-ադրբեջանական ծրագիրը կյանքի կոչելու համար։

Ինչ վերաբերում է սպասվող զարգացումներին, ապա հնարավոր են հետևյալ տարբերակները՝

1 Լաչինի միջանցքը տևական ժամանակ չի բացվում և առաջանում է լրջագույն հումանիտար ու անվտանգային ճգնաժամ։

Այս դեպքում կա՛մ ուժային լուծում պետք է լինի, կա՛մ ադրբեջանցիները կկարողանան ինչ-ինչ զիջումներ կորզել ու հետո բացել ճանապարհը։

2 Լաչինի միջանցքը բացվում է դիվանագիտական ճանապարհով, ինչը խնդրի ժամանակավոր լուծում է, բայց ամեն դեպքում թուլացնում է այս պահի լարվածությունը։

Թե ո՞ր տարբերակը կլինի, կերևա շատ շուտով։ Մեկ բան ակնհայտ է՝ Լաչինի միջանցքի խնդիրը ոչ միայն Արցախին, այլ ավելի շատ Հայաստանին է վերաբերում։ Բացի այդ՝ սեղանին դրված է Արցախի 120 հազար ժողովրդի ճակատագիրը և ռուս խաղաղապահների վարկը։ Վերջիններս ծանր վիճակում են․ մի կողմից չեն ուզում և միջազգային իրավիճակից ելնելով՝ չեն կարող զենքի ուժին դիմել ոի այդ ձևով բացել ճանապարհը, մյուս կողմից՝ չեն կարող չբացել Լաչինի միջանցքը, քանզի դա իրենց պատասխանատվության գոտին է։ Այս առումով նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերն են դրված խաղասեղանին։

Եթե խաղաղապահներն ուժի դիմեն, ապա մեր տարածաշրջանը կհայտնվի մեծ կրակի մեջ, Հայաստանն ու Արցախն էլ կդառնան ռազմական մեծ բախումների թատերաբեմ։ Բայց մյուս կողմից էլ՝ չի կարող Հայաստան-Արցախ ճանապարհը փակ մնալ, քանզի դա դանդաղ մահ է և կրկին հղի է մեր տարածաշրջանը կրակի վերածելու հեռանկարով։

Ամենասարսափելին այն է, որ ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, որը Արցախը համարում է ադրբեջանական, Բաքվի հետ համատեղ աշխատում է ռուս խաղաղապահների դեմ ու փորձում մեր տարածաշրջանում առաջ մղել թուրքական գործոնը։ Այսինքն՝ թշնամին ոչ միայն դրսից է, այլ նաև՝ ներսից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ