08 02 2017

Լապշինի արտահանձնումը ԱԺ-պատգամավորները գնահատում են որպես ՀՀ արժանապատվության հարց

Լապշինի արտահանձնումը ԱԺ-պատգամավորները գնահատում են որպես ՀՀ արժանապատվության հարց

Փետրվարի 8-ին  ԱԺ նիստի մեկնարկին պատգամավորներն անդրադարձան հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին շուրջ երկու ամիս անազատության մեջ պահելուց հետո՝ փետրվարի 7-ին Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնելուն:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ  շատ ավելի գործնական կլինի, որ ԱԺ-ն հանդես գա հայտարարությամբ: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը  մշակի  հայտարարության տեքստ, որը կդրվի  քվեարկության: Ըստ պատգամավորի`  դա կլինի արժանապատիվ պետության քաղաքական մարմնի դիրքորոշում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը  նկատեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բելառուսի կողմից Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք է նկատվում: Ըստ նրա՝  Ադրբեջանի և Բելառուսի միջև տեղի է ունեցել մանր գործարք: Վահրամ Բաղդասարյանը գտնում է, որ Հայաստանը պետք է հարց բարձրացնի, որ Բելառուսը լքի ՀԱՊԿ-ը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքով էլ  Լապշինին Ադրբեջանին է արտահանձնել հենց  ՀԱՊԿ-ը և ԵՏՄ-ն այն բանի համար, որ նա «Արցախ է այցելել և պոզիտիվ արտահայտվել»:

Պատգամավորը կարծում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է հետ կանչի Բելառուսում ՀՀ դեսպանին և կոշտ միջոցներ ձեռնարկի:

ԱԺ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ինքը որպես հայ-բելառուսական հանձնաժողովի նախագահ, պաշտոնապես հայտնել է, որ սա խայտառակ քայլ է, որը չի բխում ԼՂ հարցի խաղաղ կարգավորման տեսանկյունից:

«Օրինաց երկիր»-ի  պատգամավոր Մհեր Շահգելդյանը նշեց, որ ՀՀ բոլոր մակարդակներով պետք է պայքարել այս երևույթի դեմ. «Պետք է պայքարենք Լապիշինի ազատման համար, որ չդառնա թույլատվություն հետագայում նման քայլեր վարելու համար»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ սա աննախադեպ լկտիություն և ցինիզմ է. «Այստեղ ամենամեծ անելիքն ունի Հայաստանը, եթե իրեն համարում է արժանապատիվ պետություն: Ես կողմ կլինեմ, որ սառեցնենք անդամությունը ՀԱՊԿ-ում, մինչև խնդրին տրվի իրավական կարգավորում»։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ ավելի լուրջ քայլեր են պետք, քան Ազգային ժողովի հայտարարությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ