30 11 2022

Փաշինյանը քարոզչություն է վարում Հայաստանի անկախության հռչակագրի դեմ․ Անդրանիկ Թևանյան․ News.am



News.am-ը գրում է․ ՀՀ իշխանությունը տորպեդահարել է Ղարաբաղի հարցով մեր բոլոր նախաձեռնությունները, այդ թվում՝ կապված Շուշիի հռչակագրի հետ։ Կարծում եմ, որ նույնը տեղի կունենա նաեւ այս անգամ, երբ մենք նոր նախաձեռնություն ներկայացնեն։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

«Առաջարկվող նախաձեռնությամբ մենք կրկին արձանագրում ենք մեր կարմիր գծերը, օգտագործում ենք «Արցախի Հանրապետություն», «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում առանց սահմանափակումների» ձեւակերպումները, շեշտը դնում ենք Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելու անթույլատրելիության վրա, կրկին դատապարտում ենք Շուշիի հռչակագիրը․ բայց այս ամենը չի կարող ընդունելի լինել Հայաստանի իշխանության համար՝ հաշվի առնելով վերջինիս վարած քաղաքականությունն ու քարոզչությունը։ Սակայն մենք չենք կարող անպատասխան թողնել ադրբեջանական կողմի հայտարարությունները։ Եթե մենք չենք պատասխանում «Զանգեզուրի միջանցք», «Սյունիք՝ Արեւմտյան Զանգեզուր» ձեւակերպումներին, չենք պատասխանում ղարաբաղյան խնդրի էության խեղաթյուրմանը, ապա դա ավելի է սադրում թշնամուն»,-հավելեց պատգամավորը։

Նա պարզաբանեց, որ առաջարկվող հայտարարության մեջ կան ազդանշաններ, որոնք ուղղված են նաեւ միջազգային հանրությանը, ինչպես նաեւ կոչ է արվում լուծել հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։ «Ընդդիմության նախաձեռնությունը կրում է համապետական բնույթ եւ վեր է ներքաղաքական կոնյունկտուրայից։ Մենք խորհրդարանի մակարդակով պետք է հայտարարենք, որ չենք ընդունում Ադրբեջանի էքսպանսիոնիստական մոտեցումները, որոնք սպառնում են Հայաստանին։ Իսկ հայտարարությունը չընդունելու դեպքում միջազգային հանրությունը կտեսնի, որ Հայաստանում իշխանության մոտեցումներից տարբերվող կարծիք կա»,-նշեց նա։

Ֆրանսիայի Սենատի բանաձեւը, նրա գնահատմամբ, տապալեց Փաշինյանի պնդումը, որը խոսում էր Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու միջազգային հանրության պահանջի մասին։ Ֆրանսիայի օրենսդիր մարմինը հայտարարեց Ադրբեջանի կազմում Արցախի ընդգրկման անթույլատրելիության մասին։

«Իր տապալումն արդարացնելու համար Փաշինյանը փորձում է համոզել, թե, իբր, Արցախը վաղուց Ադրբեջանի մաս է ճանաչվել։ Ավելին, նա քարոզչություն է վարում Հայաստանի անկախության հռչակագրի դեմ եւ կողմ է նոր հռչակագրի ընդունմանը, որտեղ ոչ մի խոսք չի լինի Հայոց ցեղասպանության եւ Արցախի մասին»,-եզրափակեց Թեւանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ