14 11 2022

Ադրբեջանը կրակում է, ԵՄ-ն՝ արձանագրում, Նիկոլն՝ ինքնաասուլիս տալիս

Ադրբեջանը կրակում է, ԵՄ-ն՝ արձանագրում, Նիկոլն՝ ինքնաասուլիս տալիս

7or.am-ը գրում է.

Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու Վաշինգտոնյան ծրագրին «այո» ասելու շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հակառուսական հիստերիա էր կազմակերպել։ Այդ հիստերիային զուգահեռ տարածվում էր այն միտքը, որ Արևմուտքը կապահովի Հայաստանի անվտանգությունը։

Հետո եղավ Շարլ Միշելի միջնորդությամբ ու Մակրոնի մասնակցությամբ Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Պրահայում։ Այնտեղ Նիկոլը համաձայնեց Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։

Պրահայում նաև որոշվեց ԵՄ դիտորդներ ուղարկել հայ–ադրբեջանական շփման գիծ։ Ալիևը չհամաձայնեց դրան։ Նա ասաց, որ թող Հայաստանի տարածքից գան ու ինչքան սրտներն ուզում է մշտադիտարկեն։

ԵՄ դիտորդների այցը Հայաստան նիկոլենք ներկայացնում էին որպես հզոր հաղթանակ։ Ներկայացնում էին այնպես, կարծես այդ դիտորդներն անվտանգություն ու խաղաղություն էին ապահովելու։

ԵՄ դիտորդները եկան, Ադրբեջանը շարունակում է կրակել։ Նիկոլի հատուկ հանձնարարություններով հաճախորդ Էդմոն Մանրուքյանը հպարտ–հպարտ գրում է, որ ԵՄ դիտորդները լավ փաստագրում են Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումները։ Է՛հ, ասենք փաստագրում են։ Հետո՞։ Կարո՞ղ է դրանից հետո Արևմուտքը կռվել Ադրբեջանի կամ դրա մեծ եղբայր Թուրքիայի դեմ։ Իհա՛րկե՝ ոչ։ Կարո՞ղ է Արևմուտքը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Իհա՛րկե՝ ոչ։ Հո հիմա՞ր չեն, որ գազային պայմանագրերը թողած Ադրբեջանի դեմ քայլեր անեն։

ԵՄ դիտորդներն իրենց խնդիրներն են լուծում՝ նյարդայնացնելով Հայաստանի ու Արցախի գոյության երաշխավորներ Ռուսաստանին ու Իրանին։ Նրանց թիրախն ու խնդիրը Մոսկվայի ու Թեհրանի դեմ քայլեր նախապատրաստելն է։ Հայաստանն ընդամենը մանրադրամ է։ Նիկոլն աշխարհաքաղաքական մանրադրամի է վերածել Հայաստանը ու զբաղված է ինքնաասուլիսներով։ Ինքը մի կողմից հայտարարում է, որ Ադրբեջանն ուզում է արցախահայության ցեղասպանություն կազմակերպել, բայց դրանից անմիջապես հետո հայտարարում, որ Ադրբեջանի հետ գնալու է խաղաղության։ Մի կողմից ասում է, որ Ալիևն ուզում է ոչնչացնել արցախահայությանը, մյուս կողմից շարունակում է պնդել, որ Արցախի կարգավիճակի հարցն առաջնային չէ։

Մի խոսքով, ամեն մեկն իր գործով է զբաղված՝ Մակրոնը «թվիթ» է անում, լուսահոգի հաճախորդը՝ նույնպես, Նիկոլն ինքնաասուլիս է տալիս, Ադրբեջանը՝ կրակում։ Հարցն այն է, թե Հայաստանն ի՞նչ է անում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ