11 11 2022

2020-ի պատերազմին էլ նախորդեց նման բովանդակությամբ ելույթ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին

2020-ի պատերազմին էլ նախորդեց նման բովանդակությամբ ելույթ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին

2020 թվականի պատերազմին էլ նախորդեց նմանաբովանդակ՝ թվում է թե հայրենասիրական պոռթկումով ելույթներ: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստին ունեցած ելույթին: Հիշեցնենք, որ Փաշինյանը մեղադրեց Ադրբեջանին՝  ասելով, որ ԼՂ հայության դեմ ցեղասպանություն են նախապատրաստում:

«Հիշում եք՝ ինչ էին ասում Հուլիսյան մարտերից հետո, որ հայկական բանակը ապացուցեց, որ իր հետ չեն կարող խոսել նախապայմանների լեզվով, որ տարածաշրջանում ամենամարտունակն է և այլն: Վերջին դեպքերից հետո նույն Ջերմուկի դեպքերի մասով էլ, օրինակ՝ ԱԺ նախագահի շուրթերից էլ նմանաբովանդակ հայտարարություն արդեն լսել ենք, որ մենք ցույց տվեցինք՝ մեզ հետ նախապայմաններով չի կարելի խոսել և այլն:

Այսինքն ցավոք սրտի, անգամ հռետորաբանության տեսանկյունից կրկնվում է այն, ինչ կատարվում էր 2020 թվականի պատերազմից առաջ: Բայց դա շատ բացասական է, եթե դու ֆիքսում ես, որ դիվանագիտությունն ինքը բոլոր առումներով տապալվել է, իսկ երբ լռում են դիվանագետները, խոսում են հրետանավորները, սա է շատ վտանգավոր»:

Մեր զրուցակցի խոսքով՝ հետաքրքիրն այն է, որ ըստ էության՝ Փաշինյանը հերքում էր ինքն իրեն.

«Եթե դու ասում ես, որ կա ցեղասպանության վտանգ, բայց օրինակ՝ Աստանայի գագաթաժողովի ժամանակ Ալիևը հայտարարում է, որ Պրահայում եղել է պայմանավորվածություն առ այն, որ Արցախը դառնում է Ադրբեջանի մաս և կողմերից և ոչ մեկ դրա դեմ առարկություններ չի ներկայացրել, այստեղ դու փաստորեն խոսում ես ցեղասպանութայն վտանգի մասին: Իսկ եթե ցեղասպանության վտանգն  ի հայտ է եկել նաև 2022 թվականի նոյեմբերի 10-ին, ի՞նչ է, Պրահայում այդ ամենը չկա՞ր: Հետևաբար այստեղ շատ վտանգավոր է, և շատ բաներ, ցավոք, հիշեցնում են այն, ինչ մինչև պատերազմն էր տեղի ունենում»: 

Բենիամին Մաթևոսյանը նաև նշեց, որ Փաշինյանը կրկնում էր այն ամենը, ինչն այս երկու տարիներին ասել է ընդդիմությունը, որը երկրի կառավարման տեսանկյունից պատասխանատվություն և լիազորություններ չունի.

«Հիմա ուրիշ իրավիճակ է, երբ դա ասում է այն մարդը, ով իր բոլոր քայլերով գործընթացը հասցրել է մի կետի, երբ ինքն է ահազանգում, որ իրավիճակը շատ վտանգավոր է: Ասեմ ավելին՝ եթե անկեղծ լինենք այս ելույթը տրամաբանական շարունակությունն էր Փաշինյանի Ազգային ժողովում և ՄԱԿ-ում ունեցած ելույթների, որովհետև այս երեք ելույթներում կարմիր թելով անցնում էր միտքը, որ էդ խաղաղության դարաշրջանն իրականում տապալվել է: Մենք այդ ելույթնրից իմացել ենք, որ Ա-Ադրբեջանը պատրաստվում է և ուզում է ցեղասպանել Արցախի հայությանը, Բ-Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ, ոչ միայն Զանգեզուրի միջանցքն են ուզում, այլ նաև Սևանը և Երևանը:

Եվ ինքն իր ելույթներով հաստատում է այն ամեն ինչը, ինչ ասում էր ընդդիմությունը: Բայց այստեղ հարցը ընդդիմությունը չէ, քիչ թե շատ իրողություններին ծանոթ մարդը, ով գոնե պատկերացում ունի քարտեզի վրա, թե մենք ինչ տարածաշրջանում ենք ապրում, բոլորի համար էլ դա պարզ է:

Բայց դրա հետ մեկտեղ, եթե դու ասում ես, որ Ադրբեջանը պատրաստվում է  ցեղասպանության, ելույթիդ եզրափակիչ մասը չպետք է լինի խաղաղության դարաշրջանի մասին: Այսինքն դու ասում ես, որ քեզ պատրաստվում են ցեղասպանել ու ասում ես, որ պատրաստվում ենք խաղաղության դարաշրջանի՞:

Բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, բայց իրողությունները ցույց են տալիս, որ խաղաղությունը կարելի է պարտադրել միայն ուժով, միայն ուժի իրավունքն է գործում, ոչ թե իրավունքի»:

Ինչ վերաբերերում է հարցին, արդյոք իշխանության չկատարված խոստումները լեգիտիմության հարց չեն առաջացնում, քաաղքագետը նշեց.

«Այո, և ինքը նաև խոստացել էր Շուշիի և Հադրութի դեօկուպացիա, ինքը խոստացել էր ինքնորոշման իրավունքի հետևողական պաշտպանություն, բայց մենք տեսանք, որ մինչև դա էլ իրենք հրաժարվել են: Ընտրություններին ուրիշ խոստումներով եկան հաղթեցին, հետո իրենց իսկ ձեռքով զրոյացրեցին այդ քաղաքական ցիկլը, երբ հրաժարվեցին նրանից, ինչ գրված է իրենց ծրագրում: Հիմա իրենք 2-րդ անգամ են զրոյացնում ցիկլը՝ հայտարարելով, որ այն քաղաքականությունը, որն իրենք որդեգրել են ընտրություններից հետո, տապալել են: Այսնքն երկու տարվա մեջ երկու անգամ իրենք զրոյացնում են քաղաքակականության ցիկլը և լեգիտիմության պաշարը՝ իրենց իսկ հայտարարություններով:

Ուղղակի այլ խնդիր է և ամոթալի է, որ այս ամենի ֆոնին իրենք դեռ շարունակում են ղեկավարել»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ