02 11 2022

Վաշինգտոնյան պլանն ուղղված է Իրանի ու Ռուսաստանի դեմ․ 7or.am

Վաշինգտոնյան պլանն ուղղված է Իրանի ու Ռուսաստանի դեմ․  7or.am

7or.am-ը գրում է․

2020–ի նոյեմբերի 9–ից հետո Նիկոլ Փաշինյանը որդեգրեց «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսը։ Այսինքն՝ վերադարձավ իր մինչռազմահայրենասիրական ակունքներին։

2021–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրա հիմնական ասելիքը պայմանավորված էր Թուրքիայով։ Նա պողոսներին համոզում էր, որ խաղաղություն է բերելու և Թուրքիայի հետ սահմանը բացելու միջոցով տնտեսական հրաշք է ապահովելու։

Նիկոլի հույսը Թուրքիան էր։ Նա կարծում էր, որ Հայոց ցեղասպանության հարցը մոռացության մատնելով՝ կարողանալու է ճեղքում ապահովել՝ երաշխավորելով իր իշխանությունն ու անվտանգությունը։ Թուրքիայում շատ արագ հաշվեցին հաճախորդի ատամներն ու անցան գործի։

Թուրքիայի նախագահ Էրդողանից հանդիպում խնդրելուց ու մերժվելու հետո Նիկոլը հույսը չկտրեց։ Նա տնային աշխատանք կատարելու առաջադրանք էր ստացել ու սկսեց բավարարել Թուրքիայի նախապայմանները, որոնցից մեկն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն է։ Որպես քիրվայական միջավայրում ձևավորված գործիչ Նիկոլի համար թուրքական այդ նախապայմանը բավարարելը խնդիր չէր։ Այդտեղից ծնվեց նրա՝ «միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի հետ կապված նշաձողը» ձևակերպումը։ «Միջազգային հանրության» տակ նա նկատի ուներ Թուրքիային։

Այս ամենին զուգահեռ սկսեց հայ–թուրքական շփումը։ Շփում, որն իրականում եռակողմ էր, քանզի Ադրբեջանը ևս մասնակցում էր դրան՝ անուղղակիորեն։ Թուրքիան հայտարարում էր, որ հայ–թուրքականը կապված է հայ–ադրբեջանականի հետ ու մինչև Ադրբեջանը չբավարարվի, ոչ մի սահման չի բացվի։ Դրանից հետո Նիկոլն սկսեց ակտիվացնել իր քարոզչությունը՝ ագրեսիվորեն տարածելով, որ Արցախն Ադրբեջանինն է։

Ու չնայած այս ամենին Թուրքիան չէր շտապում, իսկ Ադրբեջանն ավելի էր ագրեսիվանում ու մեծացնում ախորժակը։ Տեղի ունեցավ հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Հակառուսական գիծ որդեգրած Նիկոլն է՛լ ավելի մեծացրեց Կրեմլի դեմ քայլերը՝ սեփական քայլերի արդյունքների մեղքը բարդելով ռուսների վրա։ Եկավ արդեն հրապարակայնորեն Արևմուտքի խաղի մեջ մտնելու ժամանակը։ Եթե նախկինում Արևմուտքը ՀՀ–ին իր կողմը քաշելու համար խոսում էր Արցախի հարցից, ապա հայ–թուրքական գործընթացի արդյունքում դա պակասեց, ապա՝ մարեց, քանզի Թուրքիայից ԱՄՆ–ին ու մյուսներին հավաստիացրեցին, որ Նիկոլը պատրաստ է Արցախը հանձնել ու անել ամեն ինչ, որպեսզի ռուսական գործոնը Հայաստանում ու Հարավային Կովկասում զրոյանա։ Արդյունքում՝ Բրյուսելում Արցախի ժողովուրդը դարձավ «էթնիկ հայ բնակչություն»։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հիացած էր Նիկոլի քայլերից ու նրան խիզախ գործիչ էր համարում։ Նիկոլին թվում էր, թե ինքն արդեն կարող է իր ուզածին հասնել, բայց պարզվեց, որ Ալիևը Երևանն է պահանջում։ Նիկոլը դրանից հետո ավելի սեղմվեց Արևմուտքի գրկում։ Պրահայում նա պաշտոնապես համաձայնեց Ալիևի տեսակետին, այն է՝ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Դիմացը Նիկոլն ակնկալում էր ՀՀ–ի 29.800 քառակուսի կիլոմետրը, բայց Ալիևն այլ կարծիք ուներ։ Նիկոլն ավելի ուժեղ սեղմվեց Արևմուտքին, բայց հայտարարություններից այն կողմ ոչինչ չստացավ։

Արևմուտքի շահագրգռվածությունն այն էր, որ եթե Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում, ապա ռուսական խաղաղապահներն ավտոմատ դուրս կբերվեն այնտեղից, որից հետո կգա Գյումրիից ռուսական ռազմաբազայի հեռացման հարցը։

Վաշինգտոնյան պլանն ուղղված է Իրանի ու Ռուսաստանի դեմ։ Եթե այն կյանքի կոչվի, ապա ոտատակ է հայտնվելու Հայաստանն ու վերանա, բայց հանուն հակառուսական ու հակաիրանական քաղաքականության Արևմուտքը չէր նկատի հայերի ողբերգությունը, թեև ցավակցություններ կհնչեին։ ՌԴ նախագահ Պուտինը, սեփական շահերից ելնելով, բացեց խաղաքարտերը, իսկ Իրանը պաշտոնապես դեմ արտահայտվեց արտատարածաշրջանային ուժերի ներգրավմանը տարածաշրջանի ներքին խնդիրներին։

Նիկոլին Վաշինգտոնյան տարբերակի կյանքի կոչման դեպքում խոստացվել էր անձնական անվտանգության երաշխիքներ՝ Բելառուսից փախած Տիխանովսկայայի կողքին։ Նրա մոտիվացիան բավարարված էր։ Սոչիում, սակայն, այդ պլանը ժամանակավորապես փլվեց։ Սակայն այնքան ժամանակ, որքան Նիկոլ Փաշինյանն է ՀՀ–ում իշխանության ղեկին, այդ պլանի իրագործման վտանգ կա։

Սոչիում հայ ժողովուրդը ժամանակ է ստացել։ Փոքր ժամանակ՝ շտկելու իրավիճակն ու փոխելու Հայաստանի բանակցողին։ Կօգտվե՞նք, թե՞ չէ, մեզանից է կախված։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ