03 10 2022

«Խաղաղության դարաշրջանը» ինքնակործան և հայասպան միֆ է, բայց կա փրկության բանաձև. Ռուբեն Մելքոնյան

«Խաղաղության դարաշրջանը» ինքնակործան և հայասպան միֆ է, բայց կա փրկության բանաձև. Ռուբեն Մելքոնյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը գրում է.

««Խաղաղության դարաշրջանը» ինքնակործան և  հայասպան միֆ է, բայց կա փրկության բանաձև

Ինչպես երեկ տարածված սահմռկեցուցիչ տեսանյութը, այնպես էլ թշնամու մինչ այդ արած համանման քայլերը ևս մեկ անգամ փաստում են, որ Ադրբեջանը Հայաստանի և հայության դեմ վարում է ԳԵՆՈՑԻԴԱԼ պատերազմ. դա նաև Թուրքիայի ձեռագիրն է: Ադրբեջան և Թուրքիա պետություններն ու դրանց քաղաքական-պետական գործիչները ցեղասպան մտածողության բացահայտ կրողներ են. սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի մասին մասնագետները խոսում, գրում և բարձրաձայնում են բոլոր հնարավոր մեթոդներով: Տասնյակ անգամներ պնդել ենք, որ «խաղաղության դարաշրջանը» ինքնակործան և հայասպան միֆ է. այս գիտականորեն ապացուցված ճշմարտության հասցեատերը մեր հասարակությունն է, իսկ ներկայիս իշխող ուժը ինձ համար վաղուց դուրս է Հայաստանանպաստ ցանկացած գործընթացի շրջանակներից:

Ցեղասպան և բառիս բուն իմաստով կացնային մտածողությամբ ալիևներին ու համանման մարդասպաններին զսպելու մի մեթոդ կա մեր տարածաշրջանում` համարժեք ու անհամաչափ պատասխանը և դա անելու ընդունակության գիտակցումը թշնամու կողմից: Այսինքն` այն, ինչ արել են իրական իրատես հայերը դարեր շարունակ, ինչ արել են Անդրանիկը, Նժդեհը մեկ դար առաջ և ինչ անում էր «թալանված» և «80-ականների զենքով կռվող» հայկական բանակը ընդամենը 5 տարի առաջ` մինչև կործանարար 2018-ը: 1000 տարի է այսպիսին են ապրելու և խաղի կանոնները մեր տարածաշրջանում` թուրքերի «հարևանությամբ»: Հային սպանելու մտածողությունը որպես իր ինքնության առանցք համարող ադրբեջանցիների հետ շփվելու ամենապարզ ու ռացիոնալ մեթոդը կարող է բանաձևել Արցախի ցանկացած գյուղի տարեց և փորձառու պապիկ` ձեդո: Պատմությունը ապացուցել և հիմա էլ ապացուցում է, որ Արևելքում բառիս բուն իմաստով ապրելու համար պետք է ապավինել ժողովրդական իրական իմաստության բանաձևի և ինքնապաշտպանության բնազդի կրող նժդեհներին, ձեդոներին, այլ ոչ թե «խաղաղության մունետիկներին» կամ լիպարիտյաններին:

Հիմա խաղաղասեր «պրագմատիկները» այսահարված կհարցնեն` փաստորեն թուրքերի և ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցություն հնարավոր չէ՞. ո´չ, կպատասխանեմ ես, որովհետև 21-րդ դարում մահապատիժներ, հայ զինվորների դիակների անդամահատում անողների հետ խաղաղություն հնարավոր չէ և երբեք չի էլ եղել: Անգամ ԽՍՀՄ-ում դա չի ստացվել և սովետական «հայ-ադրբեջանական խաղաղության պրոյեկտը» տապալվել է, վկան` Սումգայիթը: Բացի այդ, «պրագմատիկները» ծանո՞թ են ադրբեջանական կրթական համակարգին. հենց այս պահին այդ համակարգը նոր դահիճներ, հայատյացներ է կրթում, այսինքն` խաղաղություն նույնիսկ տեսանելի ապագայում հնարավոր չէ:

Իսկ միջազգային կառույցների և այլնի զսպող, քննադատող հայտարարություններին անսալը և հավատալը «թղթե շերեփի» կործանարար մտածողության վերադարձ է և ուրիշ ոչինչ: Այս առումով ուզում եմ կիսահռետորական հարց տալ. երբևիցե կարդացե՞լ եք Հայոց ցեղասպանությունը հենց այդ տարիներին դատապարտող տարբեր երկրների դեսպանների, միսիոներների, մտավորականների, կառույցների հայտարարությունները, զեկույցները և այլն: Դրանք տասնյակ եթե ոչ հարյուրավոր գրքերով են արտացոլված և ի՞նչ` դա օգնե՞ց դիցուք Մուշի կամ Վանի հայերին, որոնք հավատացին ոչ թե Անդրանիկին, այլ ժամանակի խաղաղության քարոզիչներին: Չի օգնել Մուշի հայերին, չի օգնելու նաև Ջերմուկի հայերին: Նմանատիպ «զսպող» հայտարարությունների, բանաձևերի մասին Էրդողանը տարիներ առաջ բառացի ասել է. «դրանք իմ մի ականջից մտնում են, մյուսից դուրս գալիս»: Իսկ միջազգային տարատեսակ բանաձևերին և հայտարարություններին կարծես թե իրական պատժամիջոցներ չեն հետևում և ադրբեջանական նավթը շարունակում է գերակա մնալ «քաղաքակիրթ աշխարհի» իրական քաղաքական շահերի և քայլերի ծիրում:

Արևելքում ու Հայաստանում ապրելու բանաձևը հստակ է` մերժել «թղթե շերեփի» գաղափարը, խաղաղությանը հավատացող Գրիգոր Զոհրապի քաղաքական միամտությունը կամ կուրությունը և այդ ամենի նորօրյա ու էլ ավելի ապաշնորհ, հակապետական ոճով կրողներին: Հույսը դնել միայն իրական զսպող մեխանիզմների, համարժեք պատասխանի և դրան պատրաստ լինելու վրա: Կա ելք և այդ ելքը 1000 տարի նույնն է` եթե ուզում ես ապրել, ապա լսիր և ապրիր Նժդեհի, Անդրանիկի և արցախցի ձեդոյի պես, այլապես կկրկնվի նույն սցենարը, երբ 1915-ին քաղաքակիրթ աշխարհը դատապարտեց ցեղասպան Թուրքիային և հետո` 1923-ին այդ նույն քաղաքակիրթ աշխարհը Լոզանում պայմանագիր ստորագրելով սեղմեց դրա արյունոտ ձեռքը:

Հ.Գ. Երկու տարի առաջ Երևանում շենքերի պատերին հայտնվեց ուշագրավ գրություն` «կարդա Նժդեհ, փրկիր կյանքեր»: Այս կարգախոսը խորհրդանշական գերխտացումն է Հայաստանի և հայության ապրելու բանաձևի, ուստի այն կարելի է վերաձևակերպել` «կարդա Նժդեհ, փրկիր ինքդ քեզ և Հայաստանը»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ