Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին հարցազրույց տալով՝ հայտարարել է, որ 1998 թվականին բանակցողը դուրս է թողել Ղարաբաղը բանակցություններից, ինչպես նաև Մադրիդյան սկզբունքներն է քննադատել՝ տապանաքար համարելով Արցախի ինքնորոշման վրա։
Փաշինյանի հարցազրույցի այդ դրվագի վերաբերյալ Yerevan.Today-ը կարճ հարցազրույց ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի հետ։
- Պարոն Միկոյան, Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում ասաց, որ 2007 թվականին Մադրիդյան սկզբունքները ընդունելով, Հայաստանի բանակցողները զրոյացրել են 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեն և տապանաքար դրել Ղարաբաղի ինքնորոշման վրա։
- Մադրիդյան սկզունքները և, ընդհանրապես, մինչև Ձեր նշած պերսոնաժի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ շատ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը: Մինչ նա, որևէ փաստաթղթով կամ սկզբունքով չի ենթադրվել հազարավոր զոհված տղաներ, տասնյակ հազարավոր անտուն մնացած հայեր, թշնամու պղծմանը թողնված հարյուրավոր սրբավայրեր, սկուտեղի վրա թշնամուն մատուցված Շուշի և Հադրութ, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպցիա և ռմբակոծում, հաղթանակած բանակի ստորացում և շարունակվող հարյուրավոր զոհեր:
- Բայց, Փաշինյանի գնահատմամբ, ըստ էության ոչ թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է տապանաքար, այլ Մադրիդյան սկզբունքները։
- Մադրիդյան սկզբունքները դիվանագիտական մեծ ձեռքբերում էր, որով առաջին անգամ միջազգայնորեն ճանաչվում էր Արցախի ինքնորոշվելու իրավունքը և դա համեմատելու նույնիսկ փոքր եզր չունի այսօրվա վարչակազմի ստորագրված և ստորագրվելիք կապիտուլյացիոն փաստաթղթերի հետ:
Կրկնեմ, եթե մեկը թուրքական գործակալ չէ, նա պետք է երազի ունենալ Մադրիդյան փաստաթղթի նման փաստաթուղթ բանակցային սեղանին՝ այս արհավիրքի փոխարեն:
- Նիկոլ Փաշինյանը արձագանքեց բանակցողին փոխելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի մտքին՝ ասելով, որ բանակցողի ֆիգուրը կարևոր է, և 1998 թվականին բանակցողը Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս է թողել։
- Արցախը բանակցություններից դուրս թողնելու նրա սիրելի կեղծիքի մասին ներկայացնեմ մի քանի փաստ բանակցային գործընթացի ժամանակագրությունից 1997-1999 թվականներին.
Սրանք փաստեր են որոնք համադրելով մեր հայրենակիցները, վստահ եմ, կարող են ամբողջական պատկեր ունենալ իրականության մասին:
Բազմաթիվ փաստեր են հրապարակվել, որ 1996 թվականին և 1997 թվականին բարձրաստիճան պաշտոնյաները (Ալիկ Արզումանյան, Ժիրայր Լիպարիտյան և ալն) հայտարարում են, որ Ադրբեջանի պահանջով արդեն անցել են Հայաստան-Ադրբեջան բանակցային ֆորմատին, ինչի վառ ապացույցն է առանց Արցախի ներկայացուցիչների մասնակցության տասնյակ հանդիպումները, որ տեղի են ունեցել 1996-1997 թվականներին:
- Պարոն Միկոյան, այս փաստերը մեկ անգամ չէ, որ ներկայացրել եք Դուք, քաղաքագետներ, վերլուծաբաններ, բանակցություններին մասնակիցները և փաստերին տիրապետողները։ Այդ դեպքում, ինչո՞ւ է այսօրվա իշխանությունը անընդհատ փաստերին հակառակ բաներ պնդում։
- Այս անբեկանելի փաստերը աղավաղելու ու ստելու համար մարդ պետք է կա՛մ թուրքական գործակալ լինի և հակամարտության պատմությունը սերտած լինի Ալիևից, կամ էլ ավարտված ստախոս լինի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը