29 09 2022

Անդրանիկ Քոչարյանը տեքստեր է գրո՞ւմ «Հեղափոխության պահապանների» համար. Zham.am

Անդրանիկ Քոչարյանը տեքստեր է գրո՞ւմ «Հեղափոխության պահապանների» համար. Zham.am

Zham.am-ը գրում է.

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր երեկվա ասուլիսի ժամանակ, ի թիվս այլնի, հայտարարեց, որ «եթե անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանին տրամադրել մարդասիրական/հումանիտար միջանցք՝ իշխանություն փոխելու համար, ապա դա պետք է անել»։ Ի՞նչ է նշանակում «մարդասիրական միջանցք»: Դա նշանակում է, եթե Փաշինյանին անհրաժեշտ են անձնական անվտանգության երաշխիքներ, ապա այդ երաշխիքները պետք է տրվեն, քանի որ պետության ճակատագիրը փրկելն ավելի կարևոր է, քան մեկ անհատին պատժելու ցանկությունը։

 

Քոչարյանի խոսքերից հետո Փաշինյանի որոշ կողմնակիցներ, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանի և «Հեղափոխության պահապանների» կազմակերպության հետ կապված անհատներ, սկսեցին մեկնաբանել «մարդասիրական միջանցք» արտահայտությունը՝ Ադրբեջանի պահանջած «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում ու տրամաբանությամբ։

Թվում էր, թե նման հիմարությունը չպետք է դուրս գա սոցցանցերից, բայց այսօր ԱԺ անվտանգության մշտական ​​հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանեց նախագահ Քոչարյանի խոսքերը «Հեղափոխության պահապանների» տված մեկնաբանությունների համատեքստում: Չհասկանալով, թե ինչ է ասում՝ Անդրանիկ Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի խոսքերն անվանեց «վտանգավոր»:

Հայաստանում քաղաքական անպատասխանատվությունը վաղուց դուրս է եկել սոցցանցերից, բայց բոլորիս համար ֆիզիկակապես վտանգավոր է այն իրավիճակը, երբ ԱԺ անվտանգության մշտական ​​հանձնաժողովի ղեկավարը «քաղաքական մարդասիրական միջանցքը» չի տարբերում «արտատարածքային Զանգեզուրի միջանցքից»։ Ինչպե՞ս կարելի է նման մարդուն թույլ տալ մուտք ունենալ պետական ​​գաղտնիքներին:

Իսկ գուցե մեր իշխանությունների տրամաբանությամբ կրկին Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն են մեղավոր, որ Անդրանիկ Քոչարյանը չի հասկացել ասվածի էությունը կամ փորձում է միտումնավոր մոլորեցնել իր ունկնդիրներին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ