25 07 2022

Մաշտոցի պողոտայում խորոված անողներից ու պատերազմի հետո թռվռացող իշխանությունից ի՞նչ ակնկալես. Վահե Հովհաննիսյան

Մաշտոցի պողոտայում խորոված անողներից ու պատերազմի հետո թռվռացող իշխանությունից ի՞նչ ակնկալես. Վահե Հովհաննիսյան

Ո´չ կրոնական, ո´չ աշխարհիկ որևէ բացատրություն չկա, երբ 30-անց  սեռահասուն բուղան ջրային ավտոմատով Երևանի փողոցներում անձնուրաց հարձակվում է անծանոթ մարդկանց վրա։ Ամիսներ առաջ նրա տարեկիցներն իսկական խրամատներում, իսկական ավտոմատներով կռվում-զոհվում էին։ Ինքը Երևանի փողոցներում ջուր է խաղում։ Աղավնոյում՝ գետի ափին Վարդավառը կյանքի տոն  է ու ապրելու վճռականության ցուցադրություն, Երևանի կենտրոնական փողոցում թանկարժեք ջիփի լուսամուտից պատահական անցորդի վրա «հրթիռակոծվող» ջուրը նույն տոնի խեղաթյուրումն է։

Եթե դա լիներ մեկ դրվագ, ես չէի խոսի դրա մասին։ Ես չեմ նկարագրում կոնկրետ բուղայի, դրանք շատ էին։  Հարցը ջրոցին չէ. հարցը իրականության ընկալման մեջ է։

Ո՞վ է այսօր տեղյակ, թե կոմայի մեջ գտնվող քանի զինվոր ունենք, ծանր վիրավոր քանի զինծառայող ունենք։ Ու՞մ է դա հետաքրքրում։

Փորձե՞լ է եկեղեցին այս 30 տարվա ընթացքում բացատրել, որ Վարդավառը, այո, շատ գեղեցիկ տոն է, բայց «ջրոցին» խաղում են բակերում, լճափերին, ավազանների շուրջ, և միայն՝ փոխադարձ համաձայնությամբ, որովհետև տոնը պետք է ուրախություն բերի։ 30 տարում դա կարելի էր հաստատ տեղ հասցնել։

Մեկը պետք է բացատրի, որ անծանոթ մարդիկ կարող են լինել անտրամադիր, վատառողջ, կարևոր տեղ շտապող, և որ ձեր դույլով ջուրը կարող է անծանոթի օրը փչացնել, իսկ ոմանց՝ հասցնել հիվանդանոց։

Սա կարող էր անել իշխանությունը, բայց չի արել երբեք, իսկ հիմա Մաշտոցի պողոտայում խորոված անողներից ու պատերազմից շաբաթներ հետո թռվռացող իշխանությունից ի՞նչ ակնկալես։

Սեռահասուն տղամարդը՝ ջրի դույլը կամ ջրային «նռնականետը» ձեռքին անցորդների հետևից վազող, մեր քաղաքացին է, որից ձևավորվում է ամբողջական հասարակությունը։ Եթե նրան չկրթես ու չստիպես կրթվել, չբացատրես-չարգելես, նա կմնա նույնը, ու պետությունն էլ կլինի նրան համապատասխան։

Երեկ ջահել-ջիվան ջրային զենքերով թռվռացող երիտասարդներից շատերը հայեր էին՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և այլ պետությունների ամենափրկիչ անձնագրերով։ Նրանց էլ է պետք բացատրել, որ զգաստանան, բացատրել, որ սա պետություն է, որը նոր է ծանր աղետի մեջ եղել։ Հայաստանը ռեստորանի մեծ սեղան չէ։ Սա պետություն է, սա իսկապես Հայաստանն է, և այն չի կարող սփյուռքի համար դառնալ 1900-ականների Կուբան ամերիկացիների համար՝ կազինոների, հասարակաց տների, ռեստորանների, փող լվալու ինչ-որ միավոր։

Ինչո՞ւ եմ սա ասում. Հայաստանում և հայկական աշխարհում պետք է սրընթաց գնա նոր կոնսոլիդացիա՝ պետության և պետականության գաղափարի շուրջ։ Սա չի ենթադրում բարիկադներ, հակառակը։ Սա ենթադրում է պետական մտածողության քարոզ։ Սա էլ իր հերթին նշանակում է՝ այլ բարքեր, այլ համակեցություն, այլ մտածողություն, այլ վարքագիծ։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Վահե Հովհաննիսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ