23 07 2022

Ո՛չ, իհարկե. Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ ընդդիմությունը ՔՊ կամ կառավարության նախաձեռնած նիստերի չի մասնակցի

Ո՛չ, իհարկե. Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ ընդդիմությունը ՔՊ կամ կառավարության նախաձեռնած նիստերի չի մասնակցի

NEWS.am-ը գրում է.

«ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի վերջին հարցազրույցը, որտեղ խոսվում է աշնանը ընդդիմության՝ Ազգային ժողով գնալ-չգնալու հարցի մասին,  տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց:  NEWS.am-ն Իշխան Սաղաթելյանից պարզաբանում խնդրեց՝ կա՞ արդյոք փոփոխություն նախկին դիրքորոշումների մեջ կամ առկա՞ են նոր որոշումներ:

«Իհարկե որևէ փոփոխություն չկա մեր նախկին դիրքորոշումների մեջ:  Ի միջի այլոց, ասել եմ այն, ինչ ասում ենք վերջին երեք ամիսների ընթացքում, պարզապես որոշ լրատվականներում տեքստից կտրված վերնագիր գնաց, որն էլ ինչ֊որ շրջանակների կողմից շահարկվեց: Ամեն դեպքում մեկ անգամ ևս կրկնեմ այն ինչ ասել եմ. եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր օրակարգով, այն օրակարգով, որը ձևավորել է մեր ժողովուրդը, որի համար պայքարում է «Դիմադրություն»  շարժումը: Այդ օրակարգը շատ հստակ է՝ Նիկոլի հեռացում և Հայաստանի ու Արցախի կենսական հարցերի լուծման մեր նախաձեռնությունները: Մենք դրա նախադեպերը ունենք, օրինակ, երբ որ հունիսի 3-ին մեր օրակարգով հրավիրեցինք արտահերթ նիստ, «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ, խոսքս նմանատիպ դեպքերի մասին է, այսիքն մեր պահանջով և մեր օրակարգով: Մնացածը անտեղի շահարկումներ են, որին ուշադրություն դարձնել պետք չէ-», - նշեց Իշխան Սաղաթելյանը:

Ճշտող հարցին՝ այսինքն, եթե իշխող խմբակցությունը նախաձեռնի քննարկում, կամ կառավարությունը բերի նշված հարցերի վերաբերյալ նախագիծ, դուք մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․

«Ո՛չ, իհարկե, քանի որ այս իշխանությունը Հայաստանի կամ Արցախի շահերը սպասարկելու փոխարեն, սպասարկում է թուրք-ադրբեջանական շահը, հետևաբար իրենք հայանպատ օրակարգ չեն կարող բերել խորհրդարան, որին մենք էլ մասնակցենք»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ