28 06 2022

Լաչինի միջանցքի լայնությունից մինչև Ստամբուլյան փաստաթուղթ․ Փաշինյանի կրկնվող անհիմն պնդումները. Civilnet.am

Լաչինի միջանցքի լայնությունից մինչև Ստամբուլյան փաստաթուղթ․ Փաշինյանի կրկնվող անհիմն պնդումները. Civilnet.am

Civilnet.am-ը գրում է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ի առցանց ասուլիսին կրկին անդրադարձավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմությանը և կրկին արեց վիճելի և անհիմն պնդումներ։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ն արդեն իսկ անդրադարձել է Փաշինյանի՝ բանակցություններին վերաբերող իրականությանը չհամապատասխանող և մանիպուլացնող հայտարարություններին։

Ասուլիսի ժամանակ Փաշինյանը կրկին պնդեց, որ Լաչինի միջանցքի լայնությունը չի նշվել բանակցային փաստաթղթերում։

«Նախկին իշխանության ներկայացույցիչներ կան՝ ասում են, որ Լաչինի միջանցքը էսքան պետք ա լիներ… էսքան կիլոմետր լայնություն։ Բանակցային ոչ մի փաստաթղթում էդպիսի բան չկա»,- ասաց Փաշինյանը։

Իրականում, սակայն, միջանցքի լայնությունը նշված է եղել առնվազն երկու փաստաթղթերում՝ 1997-ի փուլային և 2001-ի Քի Վեսթի փաստաթղթերում։

Հատկանշական է, որ Փաշինյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ բանակցային նախորդ փաստաթղթերը կարելի է գտնել համացանցում։ «Կարելի է ուղղակի փնտրել և կբերի մի քանի աղբյուրներից»,- ասաց նա։

Հանրաքվեի վայրը և մասնակիցների համամասնությունը

Ասուլիսին վարչապետը անդրադարձավ Մադրիդյան սկզբունքներին և պնդեց, թե դրանցով նախատեսվող Ղարաբաղի կարգավիճակի հանրաքվեն անորոշ տեղում, ժամկետներում և մասնակիցներով պետք է անկացվեր։

«Երբ որ միջազգային հանրությունով, ըստ էության, դու արձանագրում ես, որ Ղարաբաղի կարգավիճակը պիտի որոշվի ապագայում, կողմերի համաձայնությամբ, առանց սահմանափակումների, անորոշ տեղում, անորոշ ժամկետներով, անորոշ մասնակիցներով տեղի ունենալիք հանրաքվեով՝ դու, հայկական կողմ, ընդունում ես, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին [Լեռնային Ղարաբաղում] տեղի ունեցած հանրաքվեն ոչ մի բան չի որոշելու»,- ասաց Փաշինյանը։

Ոչ միայն Մադրիդյան, այլև Կազանյան փաստաթղթերում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հանրաքվեն (պլեբիսցիտը) պետք է անցկացվի ԼՂԻՄ-ի բնակչության շրջանում՝ այնպիսի ազգային (էթնիկ) համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչև ղարաբաղյան հակամարտության սկիզբը՝ 1988 թվականը:

Մինչև հակամարտության սկիզբը հայերը կազմել են ԼՂԻՄ-ի բնակչության գերակշիռ մեծամասնությունը՝ 76-77 տոկոս։ ԼՂԻՄ-ում այդ ժամանակ բնակվել է 162 181 մարդ, այդ թվում՝ 123 076 հայ և 37 264 ադրբեջանցի։

Ստամբուլյան փաստաթղթի նշաձողը

Խոսելով բանակցություններում հայկական կողմի նշաձողի մասին՝ Փաշինյանը ասաց, թե նախկինում բազմաթիվ անգամ նշաձողը իջեցվել է և մատնանշեց 1999-ին Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստորագրած Ստամբուլյան փաստաթուղթը։

«Երբ 1998 թվականին Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնվեց, բա դա ի՞նչ էր, եթե ոչ նշաձողի իջեցում։ Երբ որ 1999 թվականին Հայաստանը ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողովում ընդունեց Եվրոպայում անվտանգության խարտիան, որը ոչ ուղիղ, բայց անդրադառնում էր անվտանգության ապահովման սկզբունքներին, դա ի՞նչ էր, եթե ոչ նշաձողի իջեցում»,- պնդեց վարչապետը։

Փաշինյանը նախկինում արդեն պնդել էր, թե Անվտանգության խարտիան արձանագրում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը Ադրբեջանի կազմում և դրան կողմ քվեարկելու համար Ռոբերտ Քոչարյանին մեղարդել էր թուրքական գործակալ լինելու մեջ։

Իրականում, սակայն, այն հատվածը, որին հղում էր արել Փաշինյանը, վերաբերում է մարդու հիմնարար իրավունքներին և գոյություն ունեցող պետություններում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, իսկ Ղարաբաղյան հակամարտության մասին հռչակագրում որևԷ առանձին խոսք չկա։

Ավելին՝ Ստամբուլյան փաստաթղթի մյուս հատվածում՝ «Ստամբուլի գագաթնաժողովի հռչակագրում», որը Փաշինյանը չի հիշատակում, Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող պարբերությունում, ի տարբերություն հետխորհդային տարածքում այլ կոնֆլիկտների, չի մատնաշվում տարածքային ամբողջականության սկզբունքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ