27 06 2022

Ադրբեջանը շարունակում է խորացնել առանց այդ էլ տարածաշրջանում խախտված ռազմական հավասարակշռությունը․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը շարունակում է խորացնել առանց այդ էլ տարածաշրջանում խախտված ռազմական հավասարակշռությունը․ Տիգրան Աբրահամյան

Արցախի օկուպացված շրջաններ կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ միջազգային հարաբերություններում կարևոր դերը պատկանում է ուժի գործոնին, ավելացնելով, որ Ադրբեջանն իր զինված ուժերը բարեփոխելու, նոր սպառազինություն և զինտեխնիկա գնելու ուղղությամբ մեծ աշխատանք է տանում, ֆեկսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այս պահին դեռ դժվար է գնահատել, թե ինչ ձեռքբերումների և մատակարարումների մասին է խոսքը, որովհետև տարբեր երկրների հետ պայմանավորվածությունների, բանակցությունների վերաբերյալ անընդհատ տեղեկատվություն տարածվում է, սակայն դրանց հիմնական մասի Ադրբեջանին փոխանցումը, հավանաբար, կիրականացվի 2023 թվականից հետո։

Միայն հստակ է, որ Ադրբեջանը շեշտը դնում է տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերի մատակարարման և տեղում համատեղ արտադրման, հատուկ նշանակության զորքերի պատրաստության և նրանց թվի կտրուկ մեծացման, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի հետ ներդաշնակեցման ու անմիջական կոորդինացման վրա։

Ակնհայտ երևում է, որ մեր տարածաշրջանում և հատկապես Հայաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանի համար որպես իր շահերի առաջ քաշման և բավարարման առանցքային գործոն շարունակելու է մնալ ուժի սպառնալիքը, որը, որպես կանոն, բանեցվում է շանտաժի ձևով։

Ադրբեջանը շարունակում է խորացնել առանց այդ էլ տարածաշրջանում խախտված ռազմական հավասարակշռությունը, ինչը ենթադրում է նրա քաղաքական, ռեգիոնալ հավակնությունների կտրուկ աճ։

Հետևանքների մասին նույնիսկ անիմաստ է խոսել, որովհետև տարածաշրջանում և՛ խոցելիության, և՛ դիրքային առումով ամենաբարդը ՀՀ-ի վիճակն է։

Իսկ ՀՀ գործող իշխանության հանգամանքը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնման, անվտանգության համակարգի վերակառուցման, Ադրբեջանին զսպման հնարավորություն չի ապահովում»,- գրել է պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ