Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Լավրով-Բայրամով մամլո ասուլիսից ստացա շատ ծանր տպավորություն:
Տարածաշրջանային և գլոբալ զարգացումների հորձանուտում մեզ շարունակում է ղեկավարել Հայաստանի շահերը նենգաբար մսխող և վաճառող վարչախումբը՝ գերագույն կապիտուլյանտի գլխավորությամբ:
Փաստեր, որոնք անհերքելի են:
1. ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Բաքվում հայտարարել է, որ պատերազմից հետո իրավիճակ է փոխվել և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված «փաստաղթերը մնացել են հետեւում»:
ՍԱԿԱՅՆ:
Պատերազմից կես տարի անց էր, 2021 թվականի ապրիլի 13-ին, երբ համանախագահների տարածած համատեղ հայտարարությունում շեշտվում էր վերջնական համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը՝ «կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա»:
2. Լավրովը Բաքվում հայտարարել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարել է» Արևմուտքի նախաձեռնությամբ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր:
ՍԱԿԱՅՆ:
Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ամիս ու կես անց էր, երբ 2022 թվականի ապրիլի 19-ին ՌԴ նախագահի և ՀՀ «վարչապետի» համատեղ հայտարարության 24-րդ կետով շեշտվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «ինստիտուտի փորձի և ներուժի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համահունչ»:
3. Լավրովը Բաքվում չօգտագործեց «Լեռնային Ղարաբաղ» (փոխարենը՝ Ղարաբաղ), «կոնֆլիկտ» (փոխարենը՝ հետկոնֆլիկտային իրավիճակ), «պատերազմ» (փոխարենը` իրադարձություններ) եզրույթները:
ՍԱԿԱՅՆ
Նույն ՌԴ ԱԳ նախարարը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դրանք քանիցս օգտագործել է (բազմաթիվ հղումները կգտնենք համացանցում):
Արձանագրում։
Հայկական կողմն այս ընթացքում կրկին մսխել է ռազմավարական դաշնակցի հետ ունեցած քաղաքական համաձայնություններն ու փոխըմբռնումը, չի կապիտալիզացրել դրանք բարձրագույն և բարձր մակարդակներում երկկողմ շփումներում շնորհիվ:
Ըստ ամենայնի, պատճառը կամ Նիկոլի աշխարհաքաղաքական արկածախնդրությունն է, կամ Ալիեւի պահանջներն ու մոտեցումները կուրորեն որդեգրելու Նիկոլի անասնական ռեֆլեքսների հասած պարտվողականությունը։
Ահա թե ինչու ենք պնդում, որ Նիկոլը պիտի հեռանա։ Ակնհայտ է, նրա պաշտոնավարման ամեն մի օր նոր կորուստներ եւ վնասներ է բերում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը