09 06 2022

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր է․ Չավուշօղլու

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր է․ Չավուշօղլու

Հունիսի 8-ին Թուրքիայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, գրում է ermenihaber.am-ը։

Հանդիպման ավարտից հետո անցկացված մամուլի ասուլիում Չավուշօղլուն հայտնել է, որ իրենք քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, մեծ ուշադրություն է դարձվել հացահատիկի փոխադրման խնդրին: Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր՝ մասնավորապես իրավիճակը Սիրիայում, ինչպես նաև Լիբիայում:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ թեև կան տարաձայնություններ, բայց Ռուսաստանն այն երկիրն է, որի հետ Թուրքիան սերտ համագործակցում է: Այս համատեքստում Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես մատնանշել է Աստանայի ձևաչափը, որի միջոցով փորձում են քաղաքական լուծում գտնել Սիրիայի խնդրին:

Նրա փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսում աճում է Թուրքիային ուղղված այդ YPG/PKK-ի վտանգը, որի դեմ Անկարան պետք է միջոցներ ձեռնարկի: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ ավելի վաղ՝ 2019-ին Թուրքիան ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ պայմանավորվածություններ է ունեցել, որոնք պետք է կիրարկվեն:

Չավուշօղլուն խոսել է նաև Հարավային Կովկասի մասին՝ հետևյալ շեշտադրումներով. «Մյուս կողմից քննարկել ենք Հարավային Կովկասում 3+3 ձևաչափը, Ադրբեջան-Հայաստան կարգավորումը, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը: Այս հարցերում ՌԴ-ի ցուցաբերած աջակցության համար նրանց շնորհակալություն ենք հայտնում: Կարծում ենք, որ մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրումը տարածաշրջանի կայունության տեսանկյունից կարևոր է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ