26 05 2022

Հունիսի 3-ը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը․ Իշխան Սաղաթելյան



ԱԺ արտահերթ նիստը, որը պահանջել էին խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները, օրենքի ուժով այսօր նշանակվել է, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հունիսի 3-ին նախատեսված նիստին, որի օրակարգում խորհրդարանական ընդդիմության հայտարարությունն է՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացների վերաբերյալ։

Իշխան Սաղաթելյանն այս առնչությամբ ասաց՝ իշխող մեծամասնությունն այդքան համարձակություն չի ունենալու՝ ստորագրելու նշված հայտարարությունը։

«Այդ օրը մեր հասարակության այն հատվածը, որը դեռ մի նշույլ կասկած ունի, որ սրանք հայրենադավ են և երկիրը փորձում են տանել նոր կապիտուլյացիայի, դրանում կհամոզվեն։ Հունիսի 3-ին նրանք կամ կգան խորհրդարան, կասեն, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում կամ կգան, կստորագրեն այդ հայտարարությունը։

Ես վստահ հայտարարում եմ՝ իրենք չունեն այդ համարձակությունը, վախենում են Ալիևից, որի հետ ունեն պայմանավորվածություններ և չեն ստորագրելու այդ հայտարարության տակ։

Եվ այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ