18 11 2016

Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագիրը կկնքվի, երբ ավարտվեն բանակցությունները. Էդվարդ Նալբանդյան

Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագիրը կկնքվի, երբ ավարտվեն բանակցությունները. Էդվարդ Նալբանդյան

Նոյեմբերի 17-ին Երևանում կայացավ Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը:

Հարևանության քաղաքականության և բանակցությունների ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հույս հայտնեց, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը մյուս տարվա ընթացքում կավարտեն բանակցությունները շրջանակային համաձայնագրի շուրջ, որից հետո ԵՄ-ն կանցնի անհրաժեշտ ընթացակարգային գործողություններին՝ ԵՄ անդամ 28 երկրների մասնակցությամբ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ, խոսելով նույն համաձայնագրի մասին, ասաց, որ ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտից հետո Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել նոր շրջանակային համաձայնագիրը։

Նա հիշեցրեց, որ բանակցությունները մեկնարկել են 2015թ. դեկտեմբեր ամսին, այս ընթացքում կողմերն անցկացրել են բանակցային վեց փուլ։ Ըստ նրա՝ բանակցային հաջորդ փուլը կկայանա այս տարվա դեկտեմբեր ամսին:

«Երբ ավարտենք բանակցությունները, ՀՀ-ն պատրաստ կլինի ստորագրել համաձայնագիրը: ԵՄ-ն ներքին համաձայնեցման գործընթացի կարիք կունենա: Վստահ ենք, որ այդ գործընթացն արագ կլինի, և ԵՄ-ն ևս պատրաստ կլինի ստորագրելու, և մենք կստորագրենք այդ շրջանակային համաձայնագիրը: Ամենակարևորն այն է, որ ցանկանում ենք, որպեսզի նոր համաձայնագիրը հնարավորինս լիակատար արտացոլի այն որակը, խորությունը, հարաբերությունների լայն ծավալը, որ մենք ունենք:»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը։

Նախարարը նաև անդրադարձավ վերջին տարիների ընթացքում գրանցած հաջողություններին: Հայաստանը միացել է  Եվրամիության մի շարք ծրագրերի՝ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման «Կոսմե» ծրագիրը, հետազոտությունների և նորարություների «Հորիզոն 2020 ծրագիրը», մեկնարկ է տրվել «Ստեղծագործ Եվրոպա» նախառնությանը միանալու գործընթացին: Նա հույս հայտնեց, որ շուտով կմեկնարկի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը: Առաջիկայում կսկսվեն բանակցություններ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու ուղղությամբ: Նախքան գործընթացի մեկնարկը անհրաժեշտ է ԵՄ մանդատի տրամադրումը, որի մասին որոշումը մենք ակնկալում ենք դեկտեմբերի սկզբին: Ամփոփելով խոսքը` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ արդեն  սկսվել են Հայաստան-ԵՄ միջև 2017-2020 թվականների գործընկերության առաջնայնությունների շուրջ խորհրդակցությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ