Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին հեռախոսով տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին կայացած հանդիպման արդյունքների մասին՝ դրանք անվանելով դրական։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը, Բաքվի ներկայացված երկու երկրների հարաբերությունների կարգավորման հինգ սկզբունքները, տրանսպորտային միջանցքների բացման, սահմանների սահմանազատման հարցերը: Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպման արդյունքները»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ալիևը նաև ասել է, որ բրյուսելյան հանդիպմանը կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ՝ ներառելով ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը։
Ըստ Ալիևի մամուլի ծառայության՝ Էրդողանը «բարձր է գնահատել եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված դրական արդյունքները»։
«Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն ընդգծել են տարածաշրջանում որքան հնարավոր է շուտ խաղաղության հասնելու կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը