23 05 2022

Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են սկսել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը․ Շառլ Միշել

Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են սկսել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը․ Շառլ Միշել

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն ամփոփել է կիրակի Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Իր հայտարարությունում, որը տեղակայվել է Եվրախորհրդի կայքում, Միշելը Բրյուսելում անցկացված քննարկումներն անվանել է անկեղծ եւ արդյունավետ։

«Մենք դիտարկեցինք հարցերի ողջ համալիրը։ Մենք մանրամասն քննարկեցինք հումանիտար հարցերը, այդ թվում ականազերծումը, գերիների ազատ արձակման եւ անհետ կորածների ճակատագրի լուծմանն ուղղված ջանքերը»,- նշել է նա։

Սահմանային հանձնաժողովների աշխատանքը

Եվրախորհրդի նախագահը տեղեկացրել է, որ «առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը, կդիտարկվեն սահմանագծման հետ կապված բոլոր հարցերը եւ թե ինչպես ամենից լավ ապահովել կայուն իրավիճակ»։

Հաղորդակցությունների ապաշրջափակում

Նրա խոսքով՝ ղեկավարները պայմանավորվել են սկսել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը։

«Նրանք համաձայնեցրել են արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի ու Ադրբեջանի միջով Հայաստանի տարբեր մասերի միջեւ տարանցումը կարգավորող սկզբունքները, ինչպես նաեւ միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցային ենթակառուցվածքով։ Մասնավորապես, նրանք պայմանավորվել են սահմանների կառավարման, անվտանգության, հողօգտագործման սկզբունքների, ինչպես նաեւ մաքսային կանոնների շուրջ՝ միջազգային փոխադրումների համատեքստում։ Առաջիկա օրերին փոխվարչապետերը կշարունակեն այս աշխատանքը»,- ասել է նա։

Խաղաղ պայմանագիր

Միշելը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում ղեկավարները պայմանավորվել են շարունակել ապագա խաղաղ պայմանագրի քննարկումը, որով կկանոնակարգվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունները։

«Առաջիկա շաբաթներին  արտաքին գործերի նախարարների ղեկավարած թիմերը առաջ կտանեն այս գործընթացը։ Ի հավելումն այս ուղեգծի՝ ես նաեւ ընդգծել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է լուծել Ղարաբաղում էթնիկ հայ ազգաբնակչության իրավունքների եւ անվտանգության հարցերը»,- ասել է նա։

Սոցիալ-տնտեսական զարգացում

Եվրախորհրդի նախագահը նաեւ նշել է, որ ԵՄ-ը երկու կողմերի հետ միասին առաջ կտանի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որը կփորձի աջակցել տնտեսական զարգացմանը՝ ի բարօրություն երկու երկրների եւ նրանց բնակչության։

«Ես նաեւ ընդգծել եմ երկարատեւ կայուն խաղաղությանը բնակչությանը պատրաստելու կարեւորությունը։ Եվրախորհուրդը պատրաստ է ուժեղացնել իր աջակցությունը։ Մենք պայմանավորվել ենք սերտ շփում պահպանել եւ նորից կհանդիպենք նույն ձեւաչափով հուլիս-օգոստոսին»,- ամփոփել է Միշելը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ