21 05 2022

Որո՞նք են իրական խաղաղության հասնելու «Դիմադրության» շարժման մոտեցումները․ ներկայացնում է Իշխան Սաղաթելյանը



Վաղը վարչապետի աթոռը զբաղեցնողը մեկնում է Բրյուսել ՀՀ-ի անունից բանակցություններ վարելու, այսօր մեկ անգամ ևս ձեր ներկայությամբ ապացուցեցիք, որ վարչապետի աթոռը զբողեցնողը չունի որևէ մանդատ հայ ժողովրդի ու ՀՀ-ի անունից բանակցելու։ Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ դիմելով հանրահավաքի մասնակիցներին ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Այս օրերին գլխավոր հարցերից մեկը հետևյալն է, եթե այս իշխանությունները հեռանան՝ ի՞նչ պետք է անի հաջորդ իշխանությունը, որպեսզի լինի իրական, արժանապատիվ խաղաղություն, արդյո՞ք կա այդ հնարավորությունը», նշեց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց կետերով «Դիմադրության» շարժման պատկերացումները իրական և արժանապատվ խաղաղության հասնելու։

«Իրական խաղաղության, հաշտեցման և համագոյակցության ապահովմանը պետք է անպայման նախորդեն չլուծված խնդիրների վերաբերյալ փոխհամաձայնություններ, ուստի Հայաստանը պետք է առաջարկի հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգը բաժանել երկու փուլի։

Առաջինը՝ հարաբերությունների կարգավորման սկզբունքների հստակեցում և համաձայնեցում, երկրորդը՝ բուն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ և անհրաժեշտության դեպքում՝ պայմանագրի կնքում»,- ասաց Սաղաթելյանը։

Նա հավելեց՝ իրենք միշտ են ասել, որ կողմ են խաղաղությանը, բայց այն չպետք է լինի հայրենազրկման, հայ ժողովրդի կենսական շահերը զիջելու գնով։

«Հաջորդ իշխանությունը, որը պետք է հանդես գա հայանպաստ դիրքերից, շատ կարևոր քայլեր պետք է ձեռնարկի։

Անհրաժեշտ է երկու կողմերի հավատարմությունը միջազգային հիմնարար սկզբունքներին, այդ թվում՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը։

Մինչև հավանական խաղաղության պայմանագրի կնքումը առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի Հանրապետության վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո»,- ասաց Սաղաթելյանը։

Նա ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետության համար պետք է ուղենիշային լինի Գերագույն խորհրդի 1992 թվականի հունիսի 8-ի՝ Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում բացառող որոշումը։

«Ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքի օգտագործմամբ սահմանագծման և սահմանազատման գործընթացը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Նախքան սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկը Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և հետագայում սահմանագծման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացին՝ բացառելով առանց Հայաստանի հետ հուսալի կապի՝ Արցախի անկլավային վիճակը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև հայտարարեց՝ որպես բանակցությունների մեկնարկ և լարվածության մթնոլորտի թուլացում, Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր ռազմագերիներին, պատանդներին և ապօրինի պահվող անձանց։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ