03 04 2022

Միջազգային հանրությունը պետք է հասցեական արձագանք տա Ադրբեջանի գործողություններին. Արարատ Միրզոյան

Միջազգային հանրությունը պետք է հասցեական արձագանք տա Ադրբեջանի գործողություններին. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր իտալացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Ադրբեջանի կողմից զինադադարի համաձայնագրի պարբերական խախտումների և այլ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի հետ հանդիպումից հետո:

Արարատ Միրզոյանը և Լուիջի դի Մայոն հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:

«Ներկայացրել եմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժման, հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների, Արցախում հումանիտար ճգնաժամի ստեղծելուն ուղղված քայլերի, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի քաղաքականության և այլ դրսևորումների հետևանքով ստեղծված իրավիճակը: Կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է պատշաճ և հասցեական արձագանք տա ադրբեջանական կողմի այս գործողություններին և աջակցի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերին», - տեղեկացրեց Արարատ Միրզոյանը:

Նախարարը նաև շեշտեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արդեն իսկ հստակ և հասցեական արձագանքել են Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի:

«Ես կրկին վերահաստատել եմ Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու խաղաղ բանակցությունները և արդյունքում խաղաղության պայմանագիր կնքելու [Ադրբեջանի հետ] ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո և շրջանակներում: Տեղեկացրել եմ, որ Ադրբեջանը առաջարկներ է փոխանցել մեզ, որոնք մենք համարել ենք ընդունելի, բայց ոչ ամբողջական, և մենք լրացրել ենք այդ առաջարկները մեր առաջարկություններով և բարձրաձայնել ենք մեր պատրաստակամությունը անմիջապես սկսելու բանակցությունները այդ ամբողջական սկզբունքների հիման վրա՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», - հավելեց Հայաստանի արտգործնախարարը:

Հանդիպման ընթացքում նախարարներ Միրզոյանը և դի Մայոն անդրադարձել են նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած և դեռ չլուծված հումանիտար խնդիներին, առաջին հերթին՝ հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը: Այդ առումով Երևանը բարձր է գնահատում Իտալիայի խորհրդարանի կողմից 2021 թ. մարտին ընդունված բանաձևը:

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է նաև Արցախի և այնտեղ ապրող ժողովրդի պաշտպանությանն ուղղված Իտալիայի մոտ 50 շրջանային և քաղաքային խորհուրդների կողմից ընդունված փաստաթղթերը:

«Անշուշտ, շարունակում է մտահոգիչ մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային հուշարձանների ճակատագիրը, և պետք է ընդգծեմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային այցը այս առաքելությամբ շարունակում է խիստ պահանջված մնալ», - նշեց Արարատ Միրզոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ