18 03 2021

Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով ձեռնամուխ է եղել պատմական փաստերի կեղծման. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով ձեռնամուխ է եղել պատմական փաստերի կեղծման. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար և մարդու իրավունքի շարունակական խախտումների վերաբերյալ: 

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, մասնավորապես`Հադրութի շրջան և Շուշի քաղաք, որոնք ադրբեջանական վերահսկողության ներքո են հայտնվել Ադրբեջանի` Թուրքիայի և վերջինիս հովանավորյալ զինված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ իրականացված ագրեսիայի արդյունքում: Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ են իրականացրել արցախահայության դեմ:

Հադրութի շրջանի ադրբեջանական օկուպացիայի ընթացքում լիովին հայաթափվել են տասնյակ հազարավոր բնակչություն ունեցող երբեմնի ծաղկուն բնակավայրերը, սպանվել բազմաթիվ քաղաքացիական անձինք: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ մարդու իրավունքներով բարձր հանձնակատարը և Human Rights Watch կազմակերպությունը իրենց հստակ դիրքորոշումն են արտահայտել Հադրութի շրջանում Ժնևի կոնվենցիայի ակնհայտ խախտմամբ դեպքերի առնչությամբ, երբ հաշվեհարդար է իրականացվել գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ:

Ադրբեջանի նախագահի կողմից Հադրութի շրջանում կատարված հայտարարությունները բացահայտում են հայկական բնակավայրերի ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրեր ստեղծելու մտադրությունը, ինչը խախտում է 2020թ․ նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության դրույթերը, որի համաձայն տեղահանվածները պետք է վերադառնան իրենց հայրենի օջախներ։ Այն փաստում է նաև, որ ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող գոյատևել։

Ավելին, իր էթնիկ զտման քաղաքականության շրջանակներում Ադրբեջանն իրականացնում է հետևողական քայլեր՝ ուղղված Արցախի հայկական մշակութային ժառանգության վերացմանն ու յուրացմանը: Ներկայումս իր վերահսկողության տակ գտնվող Արցախի մշակութային հուշարձանների ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով ձեռնամուխ է եղել պատմական փաստերի կեղծման և հայ ժողովուրդից կրոնական և մշակութային արժեքներն օտարելու դատապարտելի պրակտիկային: Այս նպատակին է ուղղված նաև Ադրբեջանի նախագահի կողմից արված հայտարարությունը Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 17-րդ դարի հայկական եկեղեցու՝ իբրև «աղվանական» լինելու և վերջինիս պատերին առկա հայատառ գրությունները «կեղծ» հռչակելու մասին՝ այսպիսով հող նախապատրաստելով հերթական վանդալիզմի իրականացման համար: Հատկանշական է, որ հրապարակված տեսանյութում վերոնշյալ եկեղեցին արդեն իսկ ենթարկված է վանդալիզմի, քանզի այնտեղից հեռացված են կրոնական խորհրդանիշները։

Այս լույսի ներքո հատկապես մտահոգիչ է Շուշի քաղաքի` «Կանաչ ժամ» ժողովրդական անվանմամբ հայտնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ավերման փաստերի առկայությունը։ Հատկանշական է, որ եկեղեցին ավերվել է ռազմական գործողություններից ամիսներ անց։ Այն մտահոգությունները, որոնք հայկական կողմը հայտնում էր հայկական պատմամշակութային հուշարձանների արդբեջանական կողմի վերահսկողության ներքո հայտնվելու առաջին իսկ օրերից, փաստացիորեն իրականություն են դառնում: Այս փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի այն հավաստիացումները, որ այդ երկիրը պահպանելու է քրիստոնեական պատմամշակութային ժառանգությունը և պատրաստ է համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ամբողջովին կեղծ են։ Ստեղծված իրավիճակում հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտապ միջամտությունը՝ դեռևս չավերված հուշարձանների փրկության նպատակով։

Արցախի խաղաղ բնակավայրերի, պատմամշակութային ժառանգության ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիմքով ձևավորվելիք «խաղաղությունը» չի կարող լինել հաստատուն և տևական։ Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով միջազգային գործընկերների հետ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ