09 02 2019

Արարատ Միրզոյանը հանդիպել է Բակո Սահակյանին և Աշոտ Ղուլյանին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Բակո Սահակյանին և Աշոտ Ղուլյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։

Նախագահ Սահակյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող տարբեր հարցեր:

Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին։ ԱԺ նախահահի խորհրդական Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Արցախի խորհրդարանի արտաքին կապերի մեջ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Իսկ հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև փոխհարաբերություններն արտահայտված են ամենաբարձր ինստիտուցիոնալ մակարդակով՝ ԱՀ ԱԺ - ՀՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությամբ։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ քննարկելու միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման հնարավորությունները և նիստի օրակարգում ներառվելիք հարցերի շրջանակը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ