26 09 2018

Ռոհանին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Իրան

Ռոհանին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Իրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր: Զրուցակիցները կարևորել են տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը` առևտրատնտեսական կապերի խթանման, առկա ներուժի իրացման նպատակով:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն առանձնահատուկ բնույթ և պետք է դրանք շարունակեն զարգանալ բարեկամական ամուր կապերի հիմքի վրա:

Իր հերթին, Հասան Ռոհանին նշել է, որ երկու երկրների միջև առկա է վստահության բարձր մակարդակ: Իրանի նախագահի խոսքով` հայ համայնքն իր երկրում ունի կարևոր դերակատարություն և մեծ հարգանք է վայելում իրանցիների շրջանում: Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին` Հասան Ռոհանին համոզմունք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության հետ ստորագրված ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված համաձայնագիրը ևս հնարավորություն կտա ավելի խորացնել հայ-իրանական տնտեսական գործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին անդրադարձել են տարբեր, այդ թվում` Էներգետիկայի, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությանը, լոգիստիկ պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի:

Հասան Ռոհանին վարչապետ Փաշինյանին հրավիրել է Իրան և համոզմունք հայտնել, որ, այցը հնարավորություն կընձեռի առավել ընդգրկուն քննարկելու երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղիները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ