30 04 2018

Ով էլ սահմանադրորեն ընտրվի վարչապետ, ես կստորագրեմ հրամանագիրը. ՀՀ նախագահ

Ով էլ սահմանադրորեն ընտրվի վարչապետ, ես կստորագրեմ հրամանագիրը. ՀՀ նախագահ

Հայաստանում ստեղծված իրադրությունն ունի կարգավորման միայն մեկ տարբերակ՝ Սահմանադրության շրջանակում: Այլ ուղիներ չկան և չեն կարող լինել: Այս մասին Բելառուսի Համազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մենք պետք է բոլորս հարգենք Սահմանադրությունը: Իսկ Սահմանադրությունը հստակ ասում է՝ կա միայն մեկ բարձր մակարդակ՝ խորհրդարանը, որտեղ պետք է ընտրվի երկրի վարչապետը: Ոչ փողոցում, ոչ հավաքների ժամանակ կամ որևէ այլ շենքում, բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն խորհրդարանի շենքում: Ով էլ սահմանադրորեն ընտրվի վարչապետ, ես որպես պետության ղեկավար կստորագրեմ հրամանագիր տվյալ անձին վարչապետի պաշտոնում նշանակման վերաբերյալ, եթե իհարկե չլինեն սահմանադրության խախտումներ ընտրության գործընթացում»,-ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպիսի լուծում է նա տեսնում խնդրի համար՝ Սարգսյանը պատասխանել է.

«Կա միայն մեկ ճանապարհ՝ սահմանադրական, այլ ուղիներ չկան և չեն կարող լինել: Ոչ ոք չի կարող և չպետք է բացի «Պանդորայի արկղը», այն արկղը, երբ մարդիկ կսկսեն չհարգել սահմանադրությունը: Եթե մեկ անգամ դա լինի, կլինեն երկրորդ, երրորդ նախադեպեր»:

Խոսելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառների մասին՝ նախագահն ընդգծել է, որ դա կոմպլեքս հարց է և պարզունակ չէ: Արմեն Սարգսյանը շեշտել է, որ ցանկացած փոփոխություն, որը կատարվում է երկրի մասշտաբով, շատ զգայուն է:

«Կան արտաքին և ներքին ազդեցություններ, տնտեսական դժվարություններ, սոցիալական անարդարություն, կոռուպցիա: Երիտասարդները ցանկանում էին ավելի հստակ պատկերացում ունենալ իրենց ապագայի մասին: Կարծում եմ՝ սա կոմպլեքս հարց է, որը երկար տարիների ընթացքում կառավարության և ժողովրդի միջև երկխոսության բացակայության պատճառով ձևավորվել էր, իսկ այս պահին էմոցիոնալ առումով դուրս եկավ իր սահմաններից»,- ասել է Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ երկրում ընտրությունների անցկացում ՝ լինեն դրանք խորհրդարանական, թե նախագահական, ցանկացած գործընթացի համար կիզակետային պահ են հանդիսանում, էմոցիաներն ու դժգոհությունները ինքնարտահայտման հնարավորություն են ստանում: «Կարծում եմ՝ մեր դեպքը հենց այսպիսինն էր: Ցանկացած երկրում նման մասշտաբի քաղաքական բարեփոխումները հեշտ չեն տրվում: Անգամ ամենազարգացած և կայուն երկրներում ցանկացած քաղաքական բարեփոխում կամ փոփոխություն դյուրին չեն: Տեսեք Մեծ Բրիտանիային և «Brexit»-ը: Այն բացարձակ հեշտ չէ»,- նշել է ՀՀ նախագահը:

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության եվրասիական ուղղության մասին՝ նախագահը նշել է.

«Մեզ համար եվրասիական տարածաշրջանը բարեկամական տարածաշրջան է, այստեղ այն երկրներն են, որոնք բացարձակ բարեկամական ու եղբայրական են մեր նկատմամբ: Բացի այդ, դա նաև Հայաստանի համար հսկայական շուկա է, հետևաբար մեր մասնակցությունը եվրասիական տարածքում ելնում է մեր արմատական հետաքրքրություններից, այլ ոչ թե որովհետև ինչ-որ մեկը մեզ որևէ տեղ է հրում: Կարծում եմ՝ ով էլ ի վերջո լինի կառավարությունում, ես անձամբ որևէ պարագայում, այն իրավունքների շրջանակում, որոնք տրված են ինձ սահմանադրորեն, թույլ չեմ տա, որ մեր երկրի հետաքրքրությունները ճիշտ հաշվի չառնվեն»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ՀՀ նախագահն ընդգծել է, որ դա միայն Հայաստանի խնդիրը չէ, այն նաև Արցախի ժողովրդինն է ու Ադրբեջանինը:

«Ես կոչ կանեի բոլորին, որ Հայաստանում այս դժվարին պահին, որից աշխարհում ոչ ոք երաշխավորված չէ, ցուցաբերել զսպվածություն, որպեսզի չլինեն սադրանքներ: Տա Աստված, որ խաղաղ բանակցային գործընթացի արդյունքում մենք ի վերջո հասնենք խնդրի հանգուցալուծմանը»,- ընդգծել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ