29 03 2022

Առաջարկում ենք Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ. Ալեն Սիմոնյան

Առաջարկում ենք Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը շնորհավորել է ԱՊՀ պատվիրակներին հոբելյանական տարվա առթիվ: ԱԺ նախագահը հիմնականում անդրադարձել է Ալմաթիի հռչակագրի ստորագրումից հետո միջպետական եւ բազմազգ ձեւաչափով գործող ԱՊՀ միջխորհրդարանական համագործակցությանը: Նա նշել է, որ ԱՊՀ-ն նպաստել է քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար կապերի պահպանմանն ու ամրապնդմանը, ներդրում է ունեցել հետխորհրդային տարածքում մեր երկրների պետականաշինության հետագա զարգացման գործում: Այս մասին հաղորդում է ԱԺ աշխատակազմը:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ երեք տասնամյակ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի համատեղ ջանքերով ստեղծվել է մոդելային օրինաստեղծ գործունեության բազա, որը կարգավորում է տարբեր ոլորտներ: Նա հավաստիացրել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել միջազգային ասպարեզում ԱՊՀ ՄԽՎ-ի դերի բարձրացման, միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների եւ գործընկերների հետ կառույցի փոխգործակցության ուժեղացման օգտին: Խոսելով խորհրդարանական դիվանագիտության դերի եւ հնարավորությունների մասին՝ խորհրդարանի նախագահը կարեւորել է այն, հատկապես, խաղաղության եւ անվտանգության հարցերում:

Ներկաների ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակին՝ Ալեն Սիմոնյանը մասնավորապես անդրադարձել է մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի Փարուխ գյուղ՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ զենքի եւ անօդաչու ավիացիայի կիրառումը հերթական անգամ հանգեցրել է մարդկային զոհերի, կան վիրավորներ: «Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը գործնական քայլեր կձեռնարկի իրավիճակի կարգավորման եւ նոր զոհերի ու մարտական գործողությունների կանխման համար եւ ադրբեջանական ուժերը կվերադարձնի մարտի 23-ի դիրքեր»,-նշել է նա:

Խորհրդարանի ղեկավարի բնութագրմամբ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շատ լարված է: Նա ընդգծել է, որ այդ բնույթի գործողություններն աշխարհում անվտանգության իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ կարող են տարածաշրջանում նոր էսկալացիայի հանգեցնել: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՌԴ ՊՆ-ի հասցեական հայտարարությունը, որը, սակայն, արժանացել է ադրբեջանական կողմի հակազդեցությանը: ԱԺ նախագահը գործընկերներին տեղեկացրել է, որ դեռեւս լուծված չեն հետպատերազմյան հումանիտար եւ այլ բնույթի խնդիրներ՝ շեշտելով հայ ռազմագերիների, պատանդների հարցը, որոնց թիվը, ըստ Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների, 38 է:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական, մշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանման հարցերն օրհասական են: «Հիմնարար եւ սկզբունքային են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ ազատությունների երաշխավորումը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ հակամարտությունը ոչ թե տարածքային, այլ իրավունքի հարց է: Այս համատեքստում կարեւոր ենք համարում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության, ինչպես նաեւ 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության ամբողջական կատարումը: Ինչպես նախկինում, Հայաստանը կարեւորում է հարեւան պետությունների հետ նորմալ հարաբերությունները: Մենք պատրաստ ենք երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատմանը եւ այդ պատճառով հաստատելով նախկինում ձեւակերպված դիրքորոշումը՝ առաջարկում ենք Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ»,- ելույթի եզրափակիչ հատվածում ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ