23 04 2019

Արամ Սիմոնյանի դեմ նոր գրոհ է կազմակերպվում․ «168 Ժամ»

Արամ Սիմոնյանի դեմ նոր գրոհ է կազմակերպվում․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Որքան էլ Ա. Սիմոնյանը հերքի անհերքելին, ակնհայտ է, որ իր և կառավարող քաղաքական ուժի և, մասնավորապես՝ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած լարված հարաբերություններն են ԵՊՀ ռեկտորի՝ այսօրվա հանդիպմանը ներկա չլինելու պատճառը։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ՝ արդեն շուրջ մեկ տարի է, որ իշխանությունները փորձում են բոլոր հնարավոր ու անհնարին եղանակներով հասնել Արամ Սիմոնյանի պաշտոնանկությանը, սակայն վերջինս բազմիցս հայտարարել է, որ ինքնակամ հրաժարական չի տալու։ Իշխանությունների համար տարատեսակ ճնշումներից՝ Ջորջ Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող «Ռեստարտ» ուսանողական շարժման ակցիաներից, Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ապարդյուն ստուգումներից, ամենատարբեր պաշտոնյաների մակարդակով անվանարկումներից հետո միակ ելքը մնում էր Ա. Սիմոնյանին հոգաբարձուների խորհրդի նիստում անվստահություն հայտնելու միջոցով պաշտոնանկ անելը, սակայն դա էլ չպսակվեց հաջողությամբ, քանի որ նշված նիստում չհաստատվեց այդ օրակարգը, ու ռեկտորը շարունակեց պաշտոնավարել։

Արամ Սիմոնյանը հրաժարական չներկայացրեց անգամ այն բանից հետո, երբ վարչապետը Կառավարության նիստում, բացահայտորեն ակնարկելով Արամ Սիմոնյանին, ասաց.

«Մենք պետք է շատ հստակ ասենք՝ օրինակ, էն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն։ Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք էդ դիրքորոշումը ասել»՝ մոռանալով, որ Հայաստանում բուհերն ինքնակառավարվող մարմիններ են, և վարչապետը չի կարող նշանակել կամ ազատել նրա ռեկտորին։

Եվ ահա, Կառավարության՝ 168.am-ի աղբյուրները փոխանցեցին, որ նոր գրոհ է պատրաստվում կազմակերպել ԵՊՀ-ի և Արամ Սիմոնյանի դեմ, և դրա համար մինչ բուն հարձակումն ամրացնում է թիկունքը։

Հոգաբարձուների նախորդ նիստից հետո Կառավարությունը և Փաշինյանն անձամբ են դժգոհել, որ տապալվել է Սիմոնյանին պաշտոնանկ անելու իրենց պլանը, քանի որ Խորհրդի՝ Կառավարության ու ԿԳ նախարարության կողմից ներկայացված ոչ բոլոր անդամներն են իրենց հնազանդ պահել ու հլու կամակատարներ չեն դարձել իրենց ձեռքին։

Հիշեցնեք, որ, թերևս, ակնարկը վերաբերում է մասնավորապես, «Վիվասել ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մուսայելյանին, ովքեր այդ նիստի ընթացքում չեն ապահովել Ա. Սիմոնյանի պաշտոնանկության իրականացումը։

Կառավարության նույն աղբյուրների տեղեկացմամբ՝ այժմ ԵՊՀ կառավարման խորհրդի կազմում փոփոխություններ են նախատեսվում, և բոլոր այն անդամները, ովքեր ոչ լոյալ դիրքորոշում են որդեգրել ու չեն ենթարկվել Կառավարության ու վարչապետի կամքին, կհեռացվեն ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից, ու այդ կազմը կհամալրեն յուրայիններով, այսինքն՝ իշխանությունների գործողություններին հլու-հնազանդ մարդկանցով։ Դա կարվի այն նպատակով, որ Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու հարցը երկրորդ փորձից գոնե հաջողվի հասցնել իրենց համար դրական ավարտին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ