02 04 2019

Կենտրոնական բանկը սառը ջուր լցրեց Փաշինյանի ոգևորության վրա․ «168 ժամ»

Կենտրոնական բանկը սառը ջուր լցրեց Փաշինյանի ոգևորության վրա․ «168 ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Հրապարակված ցուցանիշները հիմք են տալիս ևս մեկ դատողություն անելու համար. դարձյալ կանգնել է իշխանափոխությունից առաջ Հայաստանի տնտեսության մեջ նշմարվող ներդրումային ակտիվությունը, որը նկատվեց արդեն 2017թ. չորրորդ եռամսյակից և շարունակվեց 2018թ. առաջին եռամսյակում։ Այդ ընթացքում օտարերկրյա կապիտալի զուտ հոսքերը ներքին տնտեսության մեջ էապես ավելացան։ Դրանք կազմեցին շուրջ 196 մլն դոլար։ Իշխանափոխությունից հետո, սակայն, ներդրումային այս ակտիվությունը սառեց։ Սպասումները, որ նախկին իշխանություններին հեռացնելուց հետո արտաքին կապիտալը ողողելու է Հայաստանի տնտեսությունը, չարդարացավ։

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հավաստիացնում էր, որ ներդրողները պատրաստ են օր առաջ գալ Հայաստան և ֆինանսական լուրջ ներարկումներ իրականացնել, այնուհանդերձ, հրապարակված ցուցանիշները վկայում են, որ դրանք զուր հույսեր էին։ Չնայած առանց այդ ցուցանիշների էլ նկատելի է, որ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումային ակտիվություն չկա։

Հասկանալի է, որ ներդրումները ժամանակ են պահանջում։ Ընդ որում, երբեմն՝ երկար ժամանակ։ Սակայն նման ակնկալիք ունենալու համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել դրա համար։ Մի բան, ինչը բնավ չի նկատվում կառավարության գործողությունների մեջ։ Ուստի զարմանալի չէ, որ իշխանափոխությունը ոչ միայն դրական ազդեցություն չի ունեցել Հայաստանի տնտեսության ներդրումային հոսքերի վրա, այլև հակառակն է եղել։ Մոտենում է կառավարության գործունեության մեկ տարին, իսկ այդ ընթացքում չի հաջողվել դնել որևէ նոր, քիչ թե շատ լուրջ ներդրումային ծրագրի հիմք։

Փոխարենը` ներդրումների նկատմամբ հարուցված խնդիրների պակաս չի եղել։ Կառավարության գործողությունների հետևանքով իշխանափոխությունից հետո, անկախ նրանից, ինչ-որ առումով բարելավվե՞լ է մրցակցային միջավայրը, թե՞ ոչ, էապես ավելացել են Հայաստանի տնտեսության ներդրումային ռիսկերն ու մտահոգությունները։ Ընդ որում, դրանք շարունակվում են նաև այսօր։ Միամտություն է կարծել, որ այդ պայմաններում արտաքին կապիտալը կգա Հայաստան։

Գործունեության գրեթե մեկ տարում կառավարությունը որևէ քայլ չարեց ներդրումների պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար։ Ընդհակառակը` այսօր Հայաստանը կանգնած է միջազգային կառույցներում խոշոր ներդրողի հետ դատական լուրջ պրոցեսի մեջ հայտնվելու վտանգի առաջ»:

Ու այն, որ վարչապետն Ազգային ժողովի ամբիոնից դուխով հայտարարություններ է անում ներդրողների վերաբերյալ, պետք է հասկանա, որ դրանով ոչ թե նպաստում, այլ վնասում է երկրի ներդրումային հեղինակությանը. «Ընկերություններ կան, որ գալիս են, ասում՝ կդիմենք միջազգային դատարան, ու զգում են, որ ՀՀ ներկայացուցիչները չեն ուշաթափվում, իրենք են վատանում, ո՞նց մեզանից չեք վախում… ո՛չ, չենք վախենում, էդ դուք մեզանից պետք է վախենաք, եթե վախենալու բան կա, և ոչ մենք՝ ձեզնից»։

Այսքանից հետո ուզում ենք, որ ներդրողները գան ու ներդրումներ անեն Հայաստանում։ Այդպես չի լինում։ Ու բոլորովին պատահական չէ, որ հայտարարված տնտեսական հեղափոխության իրականացման հույսը մնացել են վարկերը։ Բայց արդյո՞ք վարկերով հնարավոր է հեղափոխություն անել։ Սա մեկ այլ թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ